Մեկնարկում են ԵՄ – Ադրբեջան բանակցությունները

Այսօր Բրյուսելում մեկնարկում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի բանակցությունները։

Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ, բանակցությունների հիմնական թեմաներն են` էնեգետիկ գործակցությունն Ադրբեջանի հետ եւ պաշտոնական Բաքվի մասնակցությունը` «Արեւելյան գործընկերության» ծրագրին։

Երեկ երեկոյան այս խնդիրները Ալիեւը քննարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ։ Էներգետիկ խնդիրներն ու «Արեւելյան գործընկերությունը» երեքշաբթի քննարկում էին նաեւ Lյուքսեմբուրգում։ Այստեղ կայացավ Եվրամիություն – Ռուսաստան խորհրդի հերթական նիստը։ Անդրադառնալով էնեգետիկ խնդիրներին Եվրամիության նախագահող պետության` Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը հայտարարեց. - «Էներգետիկ ոլորտում մենք պետք է Ռուսաստանի հետ հաստատենք կանխատեսելի, թափանցիկ ու վստահելի հարաբերություններ»:

Lյուքսեմբուրգյան հավաքի ընթացքում ռուսաստանյան պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Lավրովը։ Եվրամիության ներկայացուցիչների խոսքով, ռուսական կողմի հետ հիմնական տարաձայնությունների պատճառը «Արեւելյան գործընկերության» ծրագիրն է։

Օրեր առաջ Lավրովը քննադատել էր ԵՄ-ի այս նախաձեռնությունը` պնդելով, թե այն իր բնույթով ուղղված է Ռուսաստանի դեմ։

«Այս նախաձեռնության մասին որոշ մեկնաբանություններ, որ հնչում են Եվրամիությանից, մեզ անհանգստացնում են։ Այսօր մենք բարեկամաբար, ինչպես գործընկերներ, քննարկեցինք այս հարցը։ Մեզ հավաստիացրեցին, որ Եվրամիությունը չունի որեւէ ծրագիր, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ։ Մենք այդ հավաստիացումներն ի գիտություն ընդունեցինք», - ասել է Lավրովը։

Մայիսի 7-ին Պրահայում կկայանա «Արեւելյան գործընկերության» առաջին գագաթնաժողովը, որին կմասնակցեն ծրագրում ներգրավված վեց պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի նախագահները։