Սերգեյ Լավրով. «Եվրամիության հավաստիացումները համոզիչ չեն»

Ռուսաստանը կցանկանար հավատալ Եվրամիության հավաստիացումներին, որ դաշինքը չի փորձում ազդեցության ոլորտ ստեղծել նախկին խորհրդային տարածքում, սակայն դրանք դեռեւս բավականաչափ համոզիչ չեն: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Շատ կցանկանայինք հավատալ, որ Եվրամիության ծրագրած Արեւելյան գործընկերությունը նախկին խորհրդային վեց պետությունների հետ նպատակ չունի շրջափակել Ռուսաստանը», - DPA գործակալության վկայությամբ` ասել է Լավրովը Լյուքսեմբուրգում Եվրամիության դիվանագետների հետ հանդիպումից հետո եւ հավելել. - «Այդուհանդերձ, իմ լսած որոշ մեկնաբանություններ անհանգստացնում են մեզ»:

Մարտի 21-ին Ռուսաստանի արտգործնախարարը մեղադրել էր Եվրամիությանը հիշյալ ծրագրով նախկին խորհրդային տարածքում «ազդեցության ոլորտ» ստեղծելու փորձի մեջ:

Եվրամիության պաշտոնյաները քննադատել են Լավրովի այդ հայտարարությունը: Եվրամիությունում նախագահող Չեխիայի արտտործնախարար Կարել Շվարցենբերգը, մասնավորապես, երեկ «անհեթեթություն» է որակել այն:

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան ընդգրկող Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկը Եվրամիությունը նախատեսում է տալ մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովին: