ՀԱԿ-ը հայտարարում է համակիրների նկատմամբ ոտնձգությունների մասին

Մայիսի մեկին կայանալիք հանրահավաքից առաջ ընդդիմությունը հայտարարում է իրենց համակիրների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների մասին:

Երեկ երեկոյան Լեւոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. - «Ապրիլի 27-ին քաղաքացիական հագուստով անձանց խմբերը Երեւանի տարբեր մասերում՝ Ամիրյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Կարապի լճի մոտ եւ Արաբկիրում հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի կողմից Մայիսի 1-ին հրավիրած արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդների վրա, ծեծկռտուք սարքել, խլել թռուցիկները, ոմանց առեւանգել: Ավելի ուշ նրանք դարանակալել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի մոտ եւ հենց այդտեղից առեւանգել վերադարձող երիտասարդներից մեկին»:

Հայտարարությունում նշվում է, որ մոտակայքում գտնվող ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել «բանդիտական խմբերի գործողություններին»: Թռուցիկներ բաժանող խմբերին ուղեկցող լրագրողները կարողացել են լուսանկարել բոլոր հարձակվողներին եւ նրանց մեքենաները։

Հիշյալ փաստերի առնչությամբ Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է. - «Միաժամանակ տարբեր տեղերում այս հանցավոր գործողությունները ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված միջոցառում է, ինչի համար պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը եւ առաջին հերթին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Համապատասխան նյութերը՝ բոլոր բանդիտների լուսանկարներով, կհանձնվեն իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նյութերը կներկայացվեն նաեւ պատկան միջազգային կառույցներին»։