Շարունակվեց Սասուն Միքայելյանի նկատմամբ դատավարությունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ դատավարությունը, որի ընթացքում, պաշտպանական կողմի բորլոր միջնորդությունները մերժելուց հետո, հրապարակվեց մեղադրական եզրակացությունը:
Ըստ այդմ՝ Սասուն Միքայելյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ Երեւանում. - «Սասուն Միքայելյանը, նյութապես շահագրգռելով, Հրազդան քաղաքից ու հարակից գյուղերից հավաքագրել է մարդկանց նոր խմբեր եւ ապահովել նրանց տեղափոխումը օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող զանգվածային միջոցառումներին»:

Դատարանում այսօր վկայություն տված երկու վկաներից Էդիկ Խաչատրյանը, ով պայմանական ազատազրկման է դատապարտվել Սասուն Միքայելյանի գործին առնչվող զենք-զինամթերքի կապակցությամբ, այսօր դատարանում հայտարարեց, որ Միքայելյանի դեմ ցուցմունք է տվել «շան ծեծի» հետեւանքով:

Խաչատրյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, թե Սասուն Միքայելյանն իրեն վստահել է, ամիսներ առաջ պատրաստել են այն զենք-զինամթերքը, որը հետագայում հայտնաբերվել է ձկնաբուծարանում [որտեղ պահակ է աշխատել վկան]: Միքայելյանը այս կապացությամբ ասաց, որ զենքի մասին ինքն է հայտնել Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանին:

Միքայելյանը միջնորդեց Միրզոյանին հարցաքննել որպես վկա. դատարանը, սակայն, չքննարկեց միջնորդությունը:

Հաջորդ վկան ծաղկաձորցի Գառնիկ Ալեքանյանն էր;

«Իմ գաղափարներից ելնելով, ես իմ կամքով ներկա եմ եղել [հանրահավաքներին], լսել եմ», - ասաց նա՝ հավելելով, որ գումար վերցրել է Երեւանի կենտրոնից շայրամաս հասնելու համար:

Ալեքսանյանը նախաքննական ցուցմունքում նաեւ ասել էր, թե Ազատության հրապարակում, բացի փող բաժանողներից, եղել են նաեւ թմրամոլներ: Այսօր ասաց, թե անձամբ նրանց չի տեսել, բայց լսել է նրանց մասին Ազատության հրապարակում:

Դատարանում այսօր Ալեքսանյանը ասաց, որ չի հիշում, թե ինչ էր անում Սասուն Միքայելյանը մարտի 1-ին, իսկ նախաքննական ցուցմունքում նշել էր, թե Միքայելյանը ձեռքի շարժումներով հրահանգներ էր տալիս, թե՝ պետք է զավթել իշխանությունը:

Դատավարությունը հետաձգվեց մինչեւ ապրիլի 28-ը: