Վարդան Օսկանյան. «Գնդակը այս պահին Թուրքիայի դաշտում է»

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի կարծիքով, այս պահին պետք է վստահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այն գործընթացին, որի մեջ Հայաստանը ներգրավվել է։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա բանակցային գործընթացը, Վարդան Օսկանյանը նշեց, որ Հայաստանի բոլոր նախագահաները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իսկ այժմ նաեւ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի հետ հարաբերությունները «նորմալացնելու» ցանկություն ունեցել են։

«Այստեղ արդեն մոտեցումների խնդիր է, թե այդ նպատակին հասնելու համար ինչպիսի՞ մարտավարություն է կիրառվում։ Ահավասիկ, այստեղ է, որ տարբերվում են քաղաքականության մանրամասները», - նշեց Հայաստանի նախկին արտգործնախարարը։

Օսկանյանի կարծիքով. - «Այս պահին մենք ամբողջությամբ պետք է վստահենք այն գործընթացին, որի մեջ Հայաստանը ներգրավվել է, ընդունենք, որ ճիշտ դատողություն է արվում, հաշվարկները ճիշտ են, եւ սպասել արդյունքների»։

Վարդան Օսկանյանի խոսքով, վերջին տասնամյակում Թուրքիան, իր իսկ վարած քաղաքականության հետեւանքով, կանգնել է երկընտրանքի առջեւ։ Նախկին արտգործնախարարի գնահատմամբ, Թուրքիայի ազգային շահերը պահանջում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում, ինչին, սակայն, խանգարում է Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումը։

Ընդ որում, Օսկանյանի կարծիքով, Հայաստանը այս իրավիճակում չի կարող պարզապես սպասել Թուրքիայի ընտրությանը, քանի որ ժամանակը մեր օգտին չի աշխատում։

«Կարող ենք ասել` սպասենք 6 ամիս, 1 տարի, 2 տարի, բայց այնքան ժամանակ, որ մի պրոցես արդեն գոյություն ունի, եւ այդ պրոցեսի բովանդակությունը բոլորի համար արդեն բաց է, եւ խոսվում է համատեղ հանձնաժողովի մասին, սահմանների բացման մասին, դիվանագիտական հարաբերությունների մասին, փոխադարձ սահմանների ճանաչման մասին, մենք չենք կարող պարզապես ասել, որ ժամանակը ցույց կտա», - եզրակացրեց Վարդան Օսկանյանը։

Այդուհանդերձ, Օսկանյանի գնահատմամբ, «գնդակը այս պահին Թուրքիայի դաշտում է գտնվում»։

«Թուրքիան արդեն պետք է կարողանա հաղթահարել այդ դիլեման եւ համապատասխան քայլեր անի. կամ բացի սահմանը, կամ այս պրոցեսը, ես կարծում եմ, որ Հայաստանի պահանջով պետք է ընդհատվի», - ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։