Քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի սպանությունների մասով

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին, որ ծառայությունը նոր քրեական գործ է հարուցել 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու նպատակով` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («դիտավորյալ սպանություն») հատկանիշերով:

Սա եւս երկրի քրեական օրենսդրությունում արված փոփոխությունների արդյունք է. նախկինում քրեական գործը հարուցված էր 225 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգույթուններ»:

Վերջին մեկ տարվա ընթացքում կատարված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Այդ փոփոխությունները, ըստ նրա, «ուղղակիորեն ապացուցում են, որ իշխանությունները ցանկանում են օրենսդրությունը հարմարեցնել... մարտիմեկյան իրավիճակներին»:

Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ կատարելով` իշխանությունները, ըստ Շահնազարյանի, իրականում «լրիվ այլ նպատակ էին հետապնդում». - «Շատ լավ հասկանալով, որ մարտի 1-ի իրենց կատարած դաժան ոճրագործությունները ամբողջովին բացահայտվելու են դատավարության ընթացքում, նրանց նպատակն էր սպանությունների մասը ամբողջովին անջատել, որպեսզի հիմա արդեն սպասվող դատավարություններում պաշտպանական կողմը հնարավորություն չունենար դատարանում ներկայացնելու բազմաթիվ ապացույցները, որոնք ուղղակիորեն կվկայեին իշխանությունների կատարած ոճրագործությունների մասին»:

«Մոտ ապագայում այս դրվագները ամբողջությամբ կբացահայտվեն», - եզրափակեց նա:


Կարինե Քալանթարյան