ACP ընկերությունը չի կասեցնի Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը

«Հայկական պղինձ ծրագիր» (ACP) ընկերությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ընկերության կողմից շահագործվող Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը չի դադարեցվի, ինչպես հայտարարվել էր անցած տարեվերջին:

Ավելի վաղ` ընկերությունը պղնձաձուլարանը կանգնեցնելու որոշումը պայմանավորել էր ապրիլի 1-ից սպասվող գազի սակագնի բարձրացմամբ, սակայն դոլարի փոխարժեքի արժեվորման հետ կապված վերահաշվարկների արդյունքում ACP-ն փոխել է Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը դադարեցնելու մտադրությունը:

«Պարզվեց, որ հնարավոր է շարունակել ձուլարանի գործունեությունը հետո, եթե կարողանանք ապահովել հումքի բավարար ծավալների մատակարարում եւ եթե պետական բյուջեից ավելացված արժեքի գերավճարները սահուն կերպով վերադարձնեն», - նշեց «Հայկական պղինձ ծրագիր» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը:

«Ձուլարանի գործունեության շարունակումը չի իրականացվում այնպիսի պայմաններում, որոնք կարող են որեւէ էական շահութաբերություն ապահովել: Պարզապես, մենք համարեցինք, որ ավելի լավ է, եթե ձեռնարկությունը աշխատի, թեկուզեւ զրոյական շահութաբերությամբ, քան չաշխատի` հաշվի առնելով նաեւ դրա սոցիալական հետեւանքները», - պարզաբանեց Արզումանյանը` նշելով, որ Ալավերդու պղնձաձուլարանում այժմ աշխատում է 600 մարդ:

Գագիկ Արզումանյանը նաեւ ասաց, որ ռուսական ՎՏԲ բանկի հետ շարունակվում են բանակցությունները Թեղուտում հանքարդյունաբերություն սկսելու համար տրամադրվելիք վարկի շուրջ:

«Մենք հույս ունենք, որ մեկ ամսվա ընթացքում ֆինանսավորում կլինի: Իհարկե, պետք է որոշակի վերապահումներով մոտենալ այդ ժամկետներին: Մեր հաշվարկներով, եթե 2-2,5 ամսվա ընթացքում ֆինանսավորում ստանանք, 2011 թվականին մենք կունենանք արտադրության սկիզբ», - նշեց ACP ընկերության գործադիր տնօրենը:


Կարինե Սիմոնյան