Թուրքիան պատրաստվում է հայալեզու ռադիոկայան հիմնել

Թուրքիայի հանրային հեռուստառադիոընկերությունը այս տարի մտադիր է հայերեն լեզվով հեռարձակվող ռադիոկայան հիմնել, որը, Anatolian գործակալության փոխանցմամբ, կգործարկվի երկու-երեք ամսից:

Հայաստանի արտգործնախարարությունը, ըստ «Ռոյթերզ»-ի, առայժմ հրաժարվել է մեկնաբանել այս քայլը: Արեւմտյան գործակալությունները, սակայն, փաստում են, որ նախաձեռնության մասին հայտարարվում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Անկարա կատարելիք այցի նախաշեմին, մինչ օր-օրի ակտիվանում են Վաշինգթոնի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման շուրջ քննարկումները:

Այդուհանդերձ, նշվում է, որ Թուրքիայի հանրային հեռուստառադիոընկերությունը` TRT-ն առաջիկայում պատրաստվում է նաեւ քրդալեզու ռադիոկայան եւ պարսկերեն հեռուստաալիք գործարկել: