«Խիստ կարեւոր է, որ ԱՄՀ-ն ունենա բավարար ֆինանսական միջոցներ ներկայիս ճգնաժամից տուժած երկրներին օգնելու համար: Եվրոպական միության անդամ երկրները սատարում են ԱՄՀ-ի դրամագլուխը կրկնապատկելու գաղափարը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են իրենց միջոցներով նպաստել դրան», - ասված է, մասնավորապես, նախագծում:
Եվրամիության ֆինանսների նախարարների հաստատմանն այսօր ներկայացվող օրինագծում ասվում է նաեւ, որ «Արժույթի միջազգային հիմնադրամը հարկ է բարեփոխել եւ հզորացնել այն նպատակով, որ Վաշինգտոնում տեղակայված այդ ֆինանսական միջազգային կազմակերպությունը ստանա ռիսկերը վաղ շրջանում բացահայտելու եւ արդյունավետ կերպով կանխելու հնարավորություն»:
Ըստ նախագծի, ԱՄՀ-ի համար լրացուցիչ միջոցներ հայթայթելու բեռը պետք է կիսեն նաեւ տնտեսական նոր գերտերությունների դերում հաստատվող պետությունները` մասնավորապես, Չինաստանը:
«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Եվրամիության անդամներից հատկապես Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան են պնդում ԱՄՀ-ին նոր լիազորություններ եւ լծակներ տրամադրելու անհրաժեշտությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը առաջարկում է համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար ընդունել «Գլոբալ նոր գործարքի» գաղափարը:
Բրաունի համոզմամբ` միջազգային ֆինանսական հաստատություններին այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է շուրջ կես տրիլիոն դոլար: ԱՄՀ-ն արդեն միջոցներ է հատկացրել Լատվիային, Հունգարիային, Ուկրաինային, Իսլանդիային, Պակիստանին: Հայաստանին ԱՄՀ-ն 540 միլիոն դոլար է տրամադրում:
Արմեն Քոլոյան, Պրահա