Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է. - «Միացյալ Նահանգների ղեկավարությունը հստակ ըմբռնում է, որ սա մեզ համար ցավոտ հարց է: Դրա հետ մեկտեղ ես կոչ կանեի Բարաք Օբամային զերծ մնալ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց: Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը բացառելն անհնար է:
«Վտանգը, որ Օբաման կճանաչի այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն դեռեւս առկա է: Պետք չէ մոռանալ, որ նախընտրական շրջանում նա դա արել է հինգ անգամ», - հայտարարել է Բաբաջանը:
Խոսելով պաշտոնական Երեւանի եւ Անկարայի շփումների մասին Բաբաջանը նշել է. - «Սա շարունակական գործընթաց է, որը սկիզբ է առել դեռ 2007 թվականի սեպտեմբերին: Ճիշտ է, մեկ տարի շարունակ հայկական կողմի խնդրանքով այն ընթանում էր գաղտնիության պայմաններում»:
NTV-ին տված հարցազրույցում Ալի Բաբաջանը հույս է հայտնել, որ հայ-թուրքական տարաձայնությունները չեն խոչընդոտի Անկարայի եւ Վաշինգթոնի գործակցությանը:
«Նունիսկ այս ցավոտ հարցի շուրջ մենք ամերիկացիների հետ շփվում ենք առանց որեւէ դժվարության», - հայտարարել է Բաբաջանը` ընդհանուր առմամբ բավական բարձր գնահատելով Հիլարի Քլինթոնի այցի արդյունքները:
Շաբաթ օրը Հիլարի Քլինթոնը Անկարայում հայտարարեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախագահ Օբաման կայցելի Թուրքիա:
CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով պետքարտուղարության աղբյուրները, հաղորդում է, որ Օբամայի այցը Անկարա նախատեսված է ապրիլի սկզբին: Թուրքիան կլինի ԱՄՆ-ի նախագահի առաջին եվրոպական շրջագայության վերջին կանգառը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա