Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավարության գործընթացի վերաբերյալ նիստի սկզբում ամբաստանյալների հնչեցրած քննադատական մի քանի հայտարարություններից հետո ընդմիջում հայտարարեց, որից հետո հրապարակեց հետեւյալ որոշումը. - «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ես` դատավոր Մնացական Մարտիրոսյանս, նշանակվել եմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր, սույն քրեական գործով դատական քննությանը դատավորի մասնակցությունը անհնարին չէ: Հետեւաբար գործի քննությունը պետք է շարունակել դատարանի նույն կազմով: Վերոգրյալի հիման վրա էլ որոշեցի սույն քրեական գործը 2009 թվականի մարտի 1-ից փոխանցել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` գործի քննությունը շարունակել նույն կազմով»:
Ամբաստանյալներից Մյասնիկ Մալխասյանը հայտարարությամբ հանդես եկավ` ասելով. - «Դուք այստեղ հրապարակեցիք, որ դուք արդեն նշանակված եք Նորք-Մարաշի առաջին ատյանի դատավոր, բայց այստեղ դատարանում դատավարություն եք վարում: Սա անհասկանալի անհեթեթություն է: Մենք չենք հասկանում` հիմա մենք ո՞ւմ հետ գործ ունենք»:
Պատճառաբանելով, որ Մնացական Մարտիրոսյանը արդեն քրեական դատարանում չի աշխատում, հայտարարված հերթական ընդմիջումից հետո ամբաստանյալները «Ոտքի’, դատարանն է գալիս» կոչից հետո նստած մնացին: Դատավորը դա անհարգալից վերաբերմունք համարեց: Այնուհետեւ պարզաբանեց, որ իրեն առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ուժի մեջ է մտնում մարտի 1-ից, այսինքն ինքն այս պահին հանդիսանում է քրեական դատարանի դատավոր:
«Նկատի ունենալով, որ թյուրըմբռնման արդյունք է ձեր անհարգալից վերաբերմունքը, ձեզ ընդամենը նախազգուշացնում եմ», - ասաց դատավոր Մարտիրոսյանը:
«Մենք թյուրըմբռնում ունենք ընդհանրապես Հայաստանի դատական համակարգի նկատմամբ», - հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:
Ի վերջո, Մնացական Մարտիրոսյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ մարտի 4-ը:
Տաթեւիկ Լազարյան