«Որպես պետական քարտուղար` ես շարունակելու եմ իմ եռանդը կենտրոնացնել մարդու իրավունքների պաշտպանության վրա, ակնկալում եմ արդյունքներ, փոփոխություններ, որոնք կբարելավեն հնարավորինս մեծ թվով մարդկանց կյանքը», - ասել է Հիլարի Քլինթոնը:
Ըստ զեկույցի, Հայաստանում անցած տարվա ընթացքում իրավիճակն էապես վատթարացել է, իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքները:
Ադրբեջանում պահպանվել է մարդու իրավունքների պաշտպանության ցածր եւ անբավարար մակարդակը, իսկ որոշ բնագավառներում նույնիսկ վատթարացում է գրանցվել: Ոստիկանության բաժանմունքներում եւ զինվորական դատարաններում շարունակում է կիրառվել կալանավորներին ծեծի եւ կտանքների ենթարկելու գործելակերպը, ինչի արդյունքում 2008 թվականի ընթացքում երեք մարդ է սպանվել: Դատական եւ իրավապահ համակարգերում լուրջ խնդիր է մնում կոռուպցիան:
Զեկույցի` Վրաստանին վերաբերող բաժնում նշվում է, որ 2008 թվականի ընթացքում գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, բանտերում վատ պայմաններ են, կասկածյալներին ահաբեկում են, դատապարտյալների նկատմամբ բռնությունները շարունակվում են: Իրավապահների կողմից ուժի ոչ համաչափ կիրառման հետեւանքով սպանվել է առնվազն երկու մարդ:
Վրաստանում անկում է գրանցվել խոսքի եւ մամուլի ազատության բնագավառում, սակայն տարեվերջին որոշակի բարելավում է նկատվել: Լուրջ խնդիր են մնում շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրումը` թրաֆիքինգը, ինչպես նաեւ կոռուպցիան բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:
Արմեն Քոլոյան, Պրահա