Դեպքից մի քանի օր հետո կալանավորվել է որպես վկա ոստիկանություն հրավիրված 20-ամյա Կարեն Հարությունյանը: Նրա շահերի պաշտպան Վահագն Մանուկյանի խոսքով, իր պաշտպանյալին կալանավորել են` «ականատես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, դեպքի վերաբերյալ գրավոր զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչը, ով ականատես էր եղել լրագրողի նկատմամբ կատարված բռնությանը: Նա նաեւ կրակել էր գազային ատրճանակից, որից հետո հանցագործները փախուստի էին դիմել:
Կարեն Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց: Սկզբնական շրջանում ցուցմունք տալուց հրաժարվել է նաեւ վերջինիս մայրը, ով այժմ պնդում է, թե հանցագործության կատարման պահին Կարենը տանն է եղել` խնամել է վիրահատված մորը:
Կարեն Հարությունյանի շահերի պաշտպան Վահագն Մանուկյանի խոսքով, գործով վկա են նաեւ Հարությունյանի մոր բուժող բժիշկը եւ բուժքույրը, ովքեր` « միանշանակ պնդել են, որ Կարեն Հարությունյանը եղել է տանը»:
Էդիկ Բաղդասարյանին զարմացնում է այն հանգամանքը, որ Կարեն Հարությունյանը եւ իր մայրը խուսափել են ցուցմունք տալուց:
«Զարմացրեց, որ ինքը ցուցմունք չի տվել: Առաջին պահին ես էլ էի մտածում, որ լավ` այս տղան ո՞վ է, որ բռնեցին: Հետո, որ ասացին ցուցմունք չի տալիս, ես սկսեցի [կասկածել]: Անմեղ մարդը ինչո՞ւ չպետք է ցուցմունք տա` ես չեմ հասկանում», - ասաց Բաղդասարյանը:
Էդիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրեն հաջողվել է Կարեն Հարությունյանի վերաբերյալ որոշ հանգամանքներ պարզել:
«Տղան դատված է: Ինչ-որ մեկին դանակահարել է: Պետք է այդ ժամանակ բանտում լիներ` բանտում չէր եղել: Զորակոչվել է, հետո բանակից ազատվել է: Այսինքն ինչ-որ կապեր ենք գտել, որոնք տանում են բարձրաստիճան պաշտոնյայի... ընտանիքի հետ մոտ են: Պարզապես սպասում ենք քննության ավարտին», - նշեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահը:
Մեզ հետ զրույցում Էդիկ Բաղդասարյանի նաեւ ասաց, որ իր համար
շատ ավելի կարեւոր է բացահայտել, թե ովքեր են այս հանցագործության պատվիրատուները:
Մի քանի օր առաջ այս գործի քննությունը Կենտրոն համայնքի քննչական բաժնի վարույթից տեղափոխել են Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթ:
Կարինե Քալանթարյան