«Այսօր կայսրությունները պատրաստվում են մեր երկրում ձեւավորել այնպիսի իշխանություն, որ նույնիսկ այսօրվա մեր կողմից չընդունված ռեժիմից ավելի թույլ են լինելու», - ասաց «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավարը: - «Այսօր Սերժ Սարգսյանը, այո’, չունի ժողովրդի աջակցության ոչ մի նշույլ, բայց ունի կամակատարներ խորհրդարանում, ունի կամակատարներ օլիգարխիայի դաշտում: Դրանից նույնպես զրկելու են նրան, որ հանգիստ կարողանան իրենց ծրագրերը իրականացնել»:
Ժիրայր Սեֆիլյանը նաեւ տեղեկացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին միջնորդավորված փոխանցել է այս տեղեկատվությունը եւ զգուշացրել, որ ոչ մի դեպքում իշխանությունների հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ համաձայնության չգնա :
Արձագանքելով այս տեղեկատվությանը` Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ տեղյակ չէ, թե որքանով է Ժիրայր Սեֆիլյանի այս հայտարարությունը հիմնավորված: Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց չի քննարկել եւ նման խնդիր իրենց օրակարգում չկա:
Ռուզաննա Ստեփանյան