Հայաստանի ԱԳՆ. «Համաձայնագրի մասին խոսելը վաղաժամ է»

Ղարաբաղի հարցով բանակցություններն այսօր ընթանում են հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն այս պահին չկա, իսկ համաձայնագրի մասին խոսելն ընդհանրապես վաղաժամ է: Այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի արած հայտարարությունը:

«Ամերիկայի ձայն»-ի հարցազրույցում Բրայզան ասել է, թե մոտ է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համաձայնագրի մշակումը, որը պետք է բխի տարածքային ամբողջականության սկզբունքից եւ նաեւ ընդգրկի ինքնորոշման իրավունքի ու ուժի չկիրառման հայեցակետերը:

«Հասկանալի չէ, ո՞րն է այս հայտարարության նպատակը, բայց տպավորություն է ստեղծվում, որ նման մեկնաբանություն կարելի էր անել միայն խանգարելու համար բանակցային գործընթացին, որն ընթանում է մադրիդյան առաջարկությունների շուրջ: Այդ առաջարկները հիմնված են միջազգային իրավունքի երեք հավասարազոր սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն», - «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան` ընդգծել է Տիգրան Բալայանը եւ հավելել. - «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հակամարտության առանցքային հարցը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրականացումն է»:

Մեկ այլ` ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Մեթյու Բրայզան անդրադարձել է Պետդեպարտամենտում իր պաշտոնի առաջիկա փոփոխության վերաբերյալ հաղորդումներին, նշելով, թե պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կզբաղվի այդ հարցով, երբ հարկ կհամարի. - «Գիտեմ, որ պետք է զբաղվեմ այլ աշխատանքով, սակայն ինչպիսին կլինի այն եւ երբ տեղի կունենա դա` դեռ չգիտեմ»:

Բրայզան նշել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն է արդեն չորս տարի, ինչը «համարվում է մեծ ժամկետ նման աշխատանքի համար, արտասովոր երկար ժամկետ»: «Դա անսովոր մոդել է ԱՄՆ-ի համար: Սակայն ես սիրում եմ իմ աշխատանքը», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը: