Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ համագումարում

Կառավարության նիստերի դահլիճում այսօր կայացած իշխող կոալիցիայի կուսակցություններից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական 4-րդ համագումարում առաջինը ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջանորդ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Թուրքիայի հետ հարաբերություններին, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամին:

Նախագահ Սարգսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք, եւ այդ իրավունքն է կյանքի կոչել Լեռնային Ղարաբաղը, եւ այդ ինքնորոշման իրավունքի ճանաչումը «այլընտրանք չունի»:

«Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել. դրա համար չկան ո՛չ իրավական, ո՛չ պատմական հիմքեր, եւ որ ամենակարեւորն է` չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ցանկությունը», - ասաց նախագահը։ - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մենք համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհ, ճանապարհ, որը կտանի դեպի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում: Այստեղ էլ եմ ուզում անդրադառնալ մեր «վա՜յ» ընդդիմախոսների այն տեսակետին, թե իբր մենք կարիք չունենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեն Ադրբեջանը կամ միջազգային հանրությունը: Սա շատ սխալ մոտեցում է: Այո՛, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի իրավունք է, բայց երբ որ մեր անքակտելի իրավունքը չեն ճանաչում, մենք ի՞նչ պետք է անենք, մեր միակ ելքն այդ իրավունքի ճանաչման համար պայքարն է: Իհարկե, կա այլ տարբերակ` մենք կարող ենք գլուխներս փակել, ասել մենք ոչինչ չենք տեսնում, մենք ոչինչ չենք լսում, մենք ունենք անքակտելի իրավունք եւ բոլորը պարտավոր են սրա հետ համակերպվել: Արդյո՞ք սա ճանապարհ է: Միակ ճանապարհը այդ իրավունքի ճանաչման համար պայքարն է: Միակ ճանապարհը բանակցություններն են, եւ ովքեր փորձում են այս բանակցությունները ներկայացնել որպես սակարկություն, նրանք խորապես սխալվում են գոնե մի շատ պարզ պատճառով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` մեր հայրենի հողը գին չունի, իսկ եթե գին չունի` սակարկելն անիմաստ է»:

Սերժ Սարգսյանը իր ելույթում ասաց, որ երկխոսությունը հարեւան Թուրքիայի հետ շարունակվելու է` սահմանների ապաշրջափակման եւ նորմալ հարաբերությունների հաստատման շուրջ:

«Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու լավ հնարավորություն կա այսօր, եւ այն պետք է օգտագործենք, եւ այս հարցում վճռորոշը լինելու է մեր ժողովրդի կարծիքը», - ասաց նա:

Նախագահը իր ելույթում հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրի վրա հնարավորինս թույլ լինի:

«Մենք պետք է պաշտպանենք մեր բիզնեսը: Մենք պետք է պաշտպանվենք: Այս տեսանկյունից, կարծում եմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճիշտ ճանապարհի վրա է», - նշեց Սերժ Սարգսյանը: - «Աղաղակողների կանխատեսումները մեր երկրում ֆինանսական համընդհանուր փլուզման վերաբերյալ չիրականացան... Մեր խնդիրն այն է, որպեսզի մեր ժողովուրդն ավելի քիչ ցնցումներ տանի, որպեսզի մենք կարողանանք համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրում մեղմել: Իսկ այս բարի ցանկությունների համար իշխանություններին մեղադրել, թե իշխանությունները հայտարարել են եւ այսօր էլ հայտարարում են, որ համաշխարհային ճգնաժամը Հայաստան չի հասնի, որ Հայաստանը կմա «մեկուսացած կղզյակ», կարծում եմ ամենաքիչն անարդար է»:


Ռուզաննա Ստեփանյան


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)