Ընդդիմադիրները բողոքարկում են դատախազության գործողությունները

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով դատախազության գործողությունները:

Մոտ ինը ամիս քննվող գործի շրջանակներում Արամ Սարգսյանը, Կարապետ Ռուբինյանը, ինչպես նաեւ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը մեղադրվում էին սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեջ: Չորս գործիչների նկատմամբ հետապնդումը դադարեցվեց անցած տարվա դեկտեմբերի 12-ին եւ 13-ին՝ ապացույցների անբավարարության հիմքով, բայց, ընդդիմադիրների կարծիքով, գործը պետք է կարճվեր, քանի որ այնտեղ բացակայում էր հանցակազմը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կարապետ Ռուբինյանն ասաց, որ ինքը բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել դատարան: Արամ Սարգսյանը պահանջել է փոխել գործի կարճման հիմքերը:

«Մենք պահանջել ենք, որպեսզի փոխեն հիմքը, ոչ թե ապացուցված չլինելու՝ ինչպես գրված է, այլ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով», - պարզաբանեց դատարանում Ռուբինյանի եւ Սարգսյանի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Արամ Սարգսյանը նյութականի պահանջ չի ներկայացրել: Նաեւ պահանջ է ներկայացվել, որպեսզի դատարանը դատախազությանը պարտավորեցնի օրենքով նախատեսված ձեւով ներողություն հայցի վստահորդներիցս», - ասաց Զեյնալյանը:

Հետընտրական զարգացումներից հետո Ռուբինյանը 71 օր պահվեց անազատության մեջ: Այնուհետեւ՝ մայիսի 12-ին, ընդդիմադիր գործչի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, փոխվեց հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ, սակայն գործը կարճվեց միայն դեկտեմբերի 13-ին՝ մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ:

Ռուբինյանը «Տիրակալ» ՍՊԸ-ում աշխատում էր որպես ֆինանսական տնօրեն: Նրան ազատել են աշխատանքից, քանի որ, լինելով կալանավորված, Ռուբինյանը չի կարողացել աշխատանքի ներկայանալ:

«Փոխհատուցման պահանջը երկու մասից է: Առաջին մասը` այն իրական վնասը, որ ինձ հասցվել է եւ զրկվել եմ աշխատանքից առանց որեւէ հեռանկարի, որ կգտնեմ աշխատանք: Հաշվարկվել է իմ` 71 օր անազատության մեջ ապօրինի գտնվելու համար վնասը: Կորցված աշխատավարձի հաշվարկն է արվել եւ դրան գումարվել է նաեւ բարոյական վնասի փոխհատուցումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռուբինյանը:

Արամ Սարգսյանի եւ Կարապետ Ռուբինյանի շահերի պաշտպանի խոսքով՝ իրենք դատարանից ակնկալիք չունեն:

«Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ապօրինությունների վերաբերյալ փաստերը բազմաթիվ են», - ասաց Զեյնալյանը` կարծիք հայտնելով, որ դատարանը ընդամենը աշխատելու է խուսանավել կամ հաստատել դատախազության ցանկացած կարծիք:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարում` Կարապետ Ռուբինյանը)