Տիգրան Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ կեսօրին տեղի կունենա հանդիպում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպման օրակարգի հիմնական հարցը համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ծրագրերն են: Ենթադրվում է, որ Ռուսաստանը Հայաստանին որոշակի ֆինանսական օգնություն կտրամադրի` ճգնաժամի հնարավոր հետեւանքները մեղմելու նպատակով:

Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը նաեւ կհանդիպի մի խումբ հայ գործարարների հետ:

Իր այցի նախօրեին Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական հեղինակավոր «Էռ-Բե-Կա» գործակալությանը: Պատասխանելով լրագրողի հարցին, Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ տնտեսական երկկողմ հարաբերությունները առայժմ ետ են մնում քաղաքական հարաբերություններից եւ աճելու տեղ դեռ շատ կա:


Ազա Բաբայան, Մոսկվա