Օլի Ռեն. «Թուրքիան դեռ բավական անելիք ունի»

Թուրքիան դեռ բավական անելիք ունի` Եվրամիությանը անդամակցության բանակցություններն ավարտական փուլին հասցնելու համար: Այդ մասին երեկ Բրյուսելում հայտարարեց Եվրամիության ընդլայնման գծով հանձնակատար Օլի Ռենը:

«Այսօր ես Թուրքիային կոչ եմ անում նոր լիցք հաղորդել բարեփոխումներին ուղղված ջանքերին, ընդլայնել հիմնարար ազատություններն ու օրենքի իշխանությունը: Երկիրն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի 2009 թվականը կարեւոր ժամանակաշրջան դառնա, որի ընթացքում նոր թափ կհաղորդվի օրենսդրական եւ ժողովրդավարական բարեփոխումներին», - ասաց Ռենը:

Ներկայացնելով Եվրամիության եւ Անկարայի հարաբերությունների հեռանկարները` Օլի Ռենը նշեց, որ մարդու իրավունքների խնդիրներից բացի, Եվրամիության ղեկավարությունը առանցքային է համարում նաեւ Կիպրոսի խնդիրը. 2005 թվականին հենց Կիպրոսի Հանրապետության ճանաչումից Թուրքիայի խուսափելը հանգեցրեց Բրյուսել-Անկարա բանակցությունների սառեցմանը:

«Մեր ակնկալիքն է, որ Թուրքիան բարենպաստ մթնոլորտ կստեղծի, որն էլ կհանգեցնի հարցի համապարփակ լուծմանն ու կղզու վերջնական վերամիավորմանը», - ասաց Եվրամիության հանձնակատարը:

2009 թվականը Եվրամիության հետ հարաբերությունների առումով որոշիչ կլինի թեկնածու պետություններից մեկի` Խորվաթիայի համար: Օլի Ռենը չի բացառում, որ բալկանյան այս պետությունը արդեն եկող տարեվերջին կկարողանա ավարտին հասցնել անդամակցության բանակցությունները:

«Այժմ գնդակը Խորվաթիայի դաշտում է: Եվրահանձնաժողովը ուշիուշով հետեւելու է Զագրեբի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Առաջնահերթը, իհարկե, իրավապահ համակարգի բարեփոխումներն են: Խորվաթիայում վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները` սպանությունները, եւս մեկ անգամ ընդգծեցին այն կարեւորությունը, որ այժմ տրվել է կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին», - հայտարարեց Ռենը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա