Արփի Վարդանյան. «Ցեղասպանության հարցում թեկնածուների դիրքորոշումների տարբերությունը ընդգծված է»

Միացյալ Նահանգներում այսօր անցկացվելիք նախագահական ընտրություններից ամերիկահայերի սպասելիքները վերաբերում են, առաջին հերթին, ապագա վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման խնդրին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Ղարաբաղի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:

«Ինչ վերաբերում է հայ համայնքին` իհարկե, շատերը մտահոգված են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրով, ինչպես նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ. ե'ւ հետեւել են, ե'ւ խոսքեր են ստացել թեկնածուներից, ու հետո խոսքերը չեն կատարել նախագահները», - նշեց Արփի Վարդանյանը:

Այդուամենայնիվ, ըստ նրա, խնդրո առարկայի հանդեպ երկու թեկնածուների դիրքորոշումների տարբերությունը այս անգամ առավել քան երբեւէ ընդգծված է. - «Սենատոր ՄըքՔեյնը ընդհանրապես կողմ չէ եւ չի ասել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու է, եւ հայ համայնքը կարող է եզրակացնել, որ եթե ՄըքՔեյնը ընտրվի, Հայոց ցեղասպանությունը ընդհանրապես չի ճանաչվի Ամերիկայի վարչակազմի կողմից: Իսկ սենատոր Օմաբան, ի տարբերություն ՄըքՔեյնի, երկու թե երեք անգամ այս արշավի ժամանակ ասել է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի»:

Այն հարցին, թե կարելի՞ է արդյոք այս ընտրություններից լուրջ փոփոխություններ ակնկալել ինչպես Միացյալ Նահանգների ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ուղեգծում, Արփի Վարդանյանը պատասխանեց. - «Ինձ թվում է, դա կախված է նրանից, թե ո՞ր թեկնածուն կընտրվի: Եթե ընտրվի հանրապետական ՄըքՔեյնը, ապա ես այդքան էլ մեծ փոփոխություն չեմ սպասում: Եթե դեմոկրատ թեկնածուն` Օբաման ընտրվի, ես չէի զարմանա, որ մեծ բաներ փոխվեն արտաքին հարցերով»:


Տիգրան Ավետիսյան