Հրանուշ Խառատյան. «Չեմ բացառում, որ Ռուսաստանը իր որոշումը պարտադրի հայկական կողմին»

«Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը ամենամոտ ապագայում, իրեն բնորոշ շատ բիրտ, ուժային մեթոդներով, իր որոշումը պարտադրի հայկական կողմին` իր իսկ նախընտրած սցենարով Ղարաբաղի հարցը լուծելու համար», - այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Այդպիսի մեթոդ, ըստ նրա, կարող է լինել, օրինակ, կարճատեւ պատերազմը. - «Չէի ուզենա ասել, որ միանշանակ` հենց անպայման Ռուսաստանը, դա կարող է ադրբեջանական զորքի միջոցով լինել: Բայց խնդրի հրահրողը, ծրագրավորողը` լուծումը եթե պատերազմական ընթացքով լինի, ես, միանշանակ, Ռուսաստանն եմ տեսնում»:

«Եվ այս կոնտեքստում ինձ համար բոլորովին զարմանալի չէ, որ հիմա, չնայած բոլոր հայտարարություններին, որ Ղարաբաղի խնդրի լուծումը Մինսկի խմբինն է, որ միայն այդ ճանապարհով պետք է գնա եւ այլն, այսօր Ռուսաստանը միայնակ խնդրի լուծումը վերցրել է իր վրա եւ, կարծեք թե, մեր երկիրը համաձայնել է, որ այդ ճանապարհով գնան», - նշեց Հրանուշ Խառատյանը` ընդգծելով, որ ռուսական պարտադրանքն ամենեւին էլ նոր բան չէ հայերի համար. - «Ես այդ ամբողջը ուղղակի տեսնում էի, ճիշտն ասած, դեռ 1990-ականների սկզբներին Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումների համատեքստում, երբ Ռուսաստանը` Ադրբեջանի հետ համագործակցած, իրականացնում էր «Կոլցո» օպերացիան, երբ ռուսական զորքը, չեմ ուզում ասել` խորհրդային զորքը, «Կոլցո» օպերացիայի ընթացքում դատարկում էր հայկական բնակավայրերը: Մեր պատմության վերջին երկուհարյուրամյակը Ռուսաստանի միահեծան որոշումներից միշտ ունեցել է շատ ծանր կորուստներ»:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին եւ, մասնավորապես, մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված փաստահավաք խմբի ստեղծմանը, Հրանուշ Խառատյանը ասաց. - «Ինքնին արդեն այս փաստահավաք խմբի [մասին] դեռ այն ժամանակվա որոշումը վկայում էր, որ մեր երկրում չկա բացարձակ որեւէ վստահություն դատարանի եւ քննչական մարմինների նկատմամբ»:

Նա դժվարացավ կանխատեսել, թե ինչ արդյունավետությամբ կաշխատի խումբը` այնուամենայնիվ, չբացառելով, որ առաքելության ավարտին դրա ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները հանդես գան առանձին հայտարարություններով:

Ընդհանրապես, ազգագրագետի համոզմամբ, «Մարտի 1»-ը հայաստանյան հասարակության կյանքում ոչ թե ինչ-որ բան փոխեց, այլ եկավ ամրագրելու ու ավելի ընդգծելու նախկինում եղած վատ վիճակը. - «Մարտի 1»-ը զգալի շեշտադրումներ ամրացրեց` չփոխեց, այլ ամրացրեց: Կարծում եմ, որ «Մարտի 1»-ով լրացուցիչ կարծեք մի խթան ստացավ այն իրավիճակը, որ մեր մոտ անվանում ենք ռեժիմային»:

Հանրահավաքները դադարեցնելու` Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման վերաբերյալ Խառատյանի գնահատականը բացասական է. այդպիսով, ըստ նրա, Տեր-Պետրոսյանը ներկայիս իշխանություններին հնարավորություն տվեց Ղարաբաղի հարցը լուծել իր համար ընդունելի` 1998 թվականի իշխանափոխության ժամանակներում շրջանառվող տարբերակով:


Տիգրան Ավետիսյան