«Հայաստանը բազեի աչքերով»

«Իմ ցուցահանդեսում այս անգամ չեմ ներառել միայն Մեղրիի եւ Լոռվա տարածքները պատկերող լուսանկարներ, սակայն հուսով եմ, որ առաջիկա ցուցահանդեսներիս ընթացքում արդեն լուսանկարած կլինեմ նաեւ այդ տարածքները», - ասում է Հրայր Բազեն: - «Առաջիկայում ես պատրաստվում եմ թողարկել մի ալբոմ` «Հայաստանը դրախտավայր, Հայաստանը բազեի աչքերով» խորագրով: Ալբոմում կլինեն այստեղ ցուցադրված բոլոր նկարներն ու նաեւ լուսանկարներ Մեղրիից ու Լոռիից: Ուզում եմ, որ այդ ալբոմը նայող յուրաքանչյուր մարդ պատկերացում կազմի մեր գեղատեսիլ վայրերի մասին»:

«Լուսանկարել սկսել եմ 13 տարեկանից: Լուսանկարչությունը այնպիսի ճյուղ է, որ պետք է սովորես ամբողջ կյանքիդ ընթացքում, չկան ընդհանուր կանոններ, որոնք սերտելով կարող ես ասել, որ պրոֆեսիոնալ ես: Կարեւոր է այն, որ քո լուսանկարներից մարդիկ հաճույք ստանան», - նշում է կանադահայ լուսանկարիչը:

«1982 թվականին Կալիֆորնիայի վրայով ուղղաթիռով շրջելուց եւ լուսանկարներ անելուց հետո ես հասկացա, որ աշխարհը բոլորովին այլ տեսք ունի վերեւից: Աշխարհն ավելի ազատ է վերեւից», - պատմում է Հրայր Բազե Խաչերյանը: - «Առաջին անգամ 2001 թվականին ուղղաթիռով շրջեցի Հայաստանով եւ լուսանկարեցի գեղեցիկ վայրերը: Լուսանկարչություն օդից` ուղղաթիռով, այնտեղից լուսանկարելիս չկան մարդու գծած սահմանները, կա միայն ազատություն եւ անսահման գեղեցկություն, եւ եթե ամեն մարդ տեսներ Հայաստանը վերեւից, նա ավելի կսիրեր ու կգնահատեր իր երկիրը»:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 28-ը:


Անի Թադեւոսյան