Սահմանամերձ բնակավայրեր վերադառնալու ցանկություն են հայտնել 2600 ընտանիքներ

Կառավարությանն առընթեր Միգրացիոն գործակալության տվյալներով, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանցից իրենց ծագման բնակավայրեր վերադարձի ցանկություն են հայտնել ավելի քան 2600-ը:

Գործակալության պետ Գագիկ Եգանյանը այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց կառավարության վերջին նիստում հավանության արժանացած «Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման ծրագիրը»:

«Ծրագիրը երկու բաղադրիչ ունի: Բաղադրիչ մեկ` վերաբնակեցում, որը այդ ընտանիքների վերադարձի կազմակերպումն է, 1005 ընտանիքի` տրամադրելով որոշակի օժանդակություն տրանսպորտային ծախսերը հոգալու համար (ընտանիքի յուրաքանչյուր անդամին 45 դոլար), տրամադրելով յուրաքանչյուր ընտանիքին սերմացու, գործիքներ գնելու համար որոշակի օժանդակություն (600-ական դոլար) եւ միանվագ նպաստ (105 դոլարի կարգի)»:

Ծրագրի 2-րդ բաղադրիչը, ըստ Գագիկ Եգանյանի, տների վերականգնումն է: Դա վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում շուրջ 16500 տների վերականգնմանը. - «Սա ոչ միայն վերադարձողների համար, այլեւ նրանց, ովքեր այնտեղ ապրում են: Ծրագրով փորձելու ենք մասնակի ավերված, վթարված շենքերը վերականգնենք, ինչպես նաեւ 1694 տուն, բնակարան, որոնք ամբողջությամբ էին ավերվել, նաեւ դրանք վերականգնել: Յուրաքանչյուր ավերված տան համար նախատեսված է 7700-ական դոլար հատկացնել»:

Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 38 միլիոն դոլար է եւ այդ գումարները նախատեսվում է ձեռք բերել միջազգային դոնոր կազմակերպություններից: Պատկան մարմիններին հանձնարարված է բանակցել դոնոր կազմակերպությունների հետ:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 տարվա ընթացքում` յուրաքանչյուր տարի կազմակերպելով ավելի քան 300 ընտանիքի վերադարձը:

Հարցին, թե նախատեսված 600 դոլարը բավարա՞ր է անասուններ, սերմացու եւ գործիքներ գնելու համար, Եգանյանը պատասխանեց, որ հաշվարկները կատարվել են 2006 թվականին, ուստի, հաշվի առնելով դոլար-դրամ հարաբերակցությունը, «վաղը կարող է դառնալ եւ հազար»:

Եգանյանը, անդրադառնալով վրաց-հարավօսական հակամարտությանը, ասաց, որ այդ օրերին ապաստան ստանալու ակնկալիքով Հայաստանին են դիմել բազմաթիվ մարդիկ ե’ւ Վրաստանից, ե’ւ Հարավային Օսիայից:

«Հիմնականում Վրաստանից է. 108 դիմում ստացել ենք Վրաստանի քաղաքացիներից, ովքեր պաշտպանություն են խնդրում Հայաստանում, եւ 9 դիմում [Հարավային] Օսեթիայի քաղաքացիներից», - ասաց Եգանյանը: - «Ենթադրվում էր, որ դիմումների թիվը ավելի մեծ կլիներ, բայց, փառք Աստծո, ռազմական գործողությունների կարճ տեւողության արդյունքում դիմումներ քիչ եղան»:

Նա, այդուհանդերձ, հավելեց, որ իր հրապարակածը պաշտոնական թվերն են, իսկ փաստացի սահմանը հատածների թիվը հասնում է մի քանի հազարի:


Հովհաննես Շողիկյան