Հայաստանում առաջին անգամ կանցկացվի պարային օլիմպիադա

«Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան» «Միջազգային պարային կազմակերպության» (IDO) եւ «Համառուսաստանյան պարային կազմակերպության» հետ միասին այս տարի առաջին անգամ Երեւանում կազմակերպում են «Պարային օլիմպիադա»:

«Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանը ասաց. - «Այս օլիպիադայի բուն նպատակը լավագույններին ընտրելն է, ովքեր իրավունք կստանան ներկայացնելու Հայաստանի հանրապետությունը «Համաշխարհային պարային օլիմպիադային» եւ միջազգային այլ առաջնություններին, որոնք կազմակերպվում են IDO-ի կողմից»:

«Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան» ստեղծվել է 2007-ի սկզբին, որը հիմնականում զբաղվում է տարբեր
պարային մրցույթների, փառատոնների ու վերապատրաստման դասընթացների կազմակերպմամբ, իսկ 2008-ին դարձել է «Միջազգային պարային կազմակերպության» պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որի տված իրավունքով էլ Երեւանում կազմակերպվում է այս պարային օլիմպիադան:

«Հայաստանի պարային օլիմպիադայի» կոմիտեի նախագահ Գառնիկ Հովակիմյանի կարծիքով, նման մրցույթների միջոցով Հայաստանը դառնում է մշակութային միջազգային գործընթացների մասնակից: «Հայաստանը պիտի մասնակցի միջազգային գործընթացներին, որպեսզի չկղզիանա: Եթե մեր մշակույթը չինտեգրվի մշակութային միջազգային գործընթացներին, այստեղ զարգացման տեմպերը կան կառնեն»:

Պարային օլիմպիադիան լավագույններին ընտրելուց բացի մասնակիցներից շատերին եւ մրցավարներին կտա որակավորում, առանց որի հրարավոր չէ մասնակցել բազմաթիվ միջազգային պարային մրցույթների:

Օլիմպիադայի անցկացմանը աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը ի դեմս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի: Պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոսքերով, Մշակույթի նախարարությունը ունի իր մասնակցությունը, որովհետեւ օլիմպիադան ժանրային իմաստով շատ ընդգրկուն է, եւ մասնակիցները լինելու ոչ միայն Երեւանից, այլեւ մարզերից:


Նանե Սահակյան