Մեթյու Բրայզա. «Հայաստանին եւ Ադրբեջանին հարկ կլինի փոխզիջման հասնել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»

Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար Հայաստանին եւ Ադրբեջանին հարկ կլինի փոխզիջման գալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Այդ մասին APA գործակալության հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Մենք չենք կարող կանխագուշակել, թե ինչպիսին կլինի այդ փոխզիջումը կամ երբ այն ձեռք կբերվի: Սակայն համանախագահները առաջարկում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչները առանցքային դեր խաղան տարածաշրջանի կարգավիճակի հստակեցման հարցում` ապագայում քվեարկության միջոցով», - ասել է ամերիկացի դիվանագետը եւ հավելել, թե «նման քվեարկության առանձնահատկությունները պետք է քննարկեն կողմերը»:

«Այդպիսի գործընթաց կարող է տեղի ունենալ միայն հարկադրաբար տեղահանվածների եւ փախստականների վերադարձից հետո, ինչը որոշ ժամանակ կպահանջի», - հայտարարել է Բրայզան:

Դրական գնահատելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի` օգոստոսի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումը, ամերիկացի համանախագահը տեղեկացրել է. - «Արտգործնախարարները համաձայնեցին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո` համաձայնեցնելու համար կողմերի դիրքորոշումները համանախագահների մադրիդյան առաջարկներում նշված մնացյալ հարցերի շուրջ»:

«Շատ կարեւոր է հիշել, որ ոչ մի առանձին տարր համաձայնեցված չէ: Տարրերից որեւէ մեկը համաձայնեցնելու միակ ճանապարհն այն է, որ միաժամանակ համաձայնեցվեն բոլոր տարրերը», - ընդգծել է Մեթյու Բրայզան:

Ամերիկացի համանախագահը նաեւ հավաստիացրել է, թե «համանախագահները իրենց բոլոր գործողությունները սկսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դիրքերից»: