Ներսես Նազարյան. «Ոստիկանությունը բախումների չի գնալու»

Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ Մատենադարանի մոտ ընդդիմության նախատեսած հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը բախումների չի գնալու:

«Ինչպես տեսնում եք` չկա նման բան, չի եղել մյուս ցույցերի ժամանակ էլ, հիմա էլ, ինձ թվում է, որ խոհեմ կլինի ժողովուրդը, եւ մենք էլ կկարողանանք համագործակցել նորմալ», - ասաց նա:

Չարտոնված այդ հանրահավաքի ժամանակ ոստիկանության հնարավոր գործողությունների վերաբերյալ Ներսես Նազարյանը ասաց. - «Կտեսնենք, տեղում կկողմնորոշվենք: Թույլտվություն դեռ չկա, բայց, ամեն դեպքում, տեղում կերեւա` ինչպես կպահեն իրենց հանրահավաքի մասնակիցները, եւ տեղում արդեն կողմնորոշվելու ենք, ինչպես նախկին ցույցերի ժամանակ: Կաշխատենք, որ անցկացնենք հանգիստ»:

Միաժամանակ, նա դժվարացավ ասել` կթույլատրվի՞ արդյոք ծրագրված հանրահավաքի մասնակիցներին բարձրանալ Մատենադարանի հարթակ. - «Քաղաքապետարանի հետ կխորհրդակցենք, որոշում կկայացնենք: Դա կապված է նաեւ այդ ցույցի մասնակիցների պահելաձեւից` ճանապարհներ չփակեն, երթեւեկության կանոնները չխախտեն, այլ մարդկանց իրավունքները, որոնք հանգիստ ման են գալիս այդ տարածքներում, չխախտեն: Արդեն տեղում պարզ կերեւա, կկողմնորոշվենք, կտեսնենք, իրավիճակից ելնելով` որոշում կկայացվի անպայման»:

Հանրահավաքի արտոնման դեպքում հնարավոր սադրիչ գործողությունների մասին տեղեկությունների առկայությանը առնչվող հարցին ոստիկանության քաղաքային վարչության պետը պատասխանեց. - «Կան, միանշանակ, այդ տեղեկությունները կան: Նամանավանդ կենտրոնական հատվածում, երբ սկսում են նաեւ երթ անել, այդ ժամանակ արդեն այդ ժողովուրդը, ամբոխը դառնում է անկառավարելի, եւ մենք ահազանգեր ունենք, հավաստի ին?ֆորմացիաներ, որ հնարավոր են մասսայական անկարգություններ»: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, քաղաքապետարանը առաջարկում է հանրահավաքներն անցկացնել «այնպիսի տեղ, որտեղ հնարավոր չեն անկարգություններ, բախումներ այն մարդկանց հետ, որոնք, պահպանելով իրենց իրավունքը, այդ ժամերին կարողանում են դրսում հանգիստ քայլել, կամ օբյեկտների տերերի հետ կոնֆլիկտներ չլինեն». - «Առաջարկվում է այդպիսի տեղ` իրենք հրաժարվում են»:

«Իսկ հնարավոր չէ՞ սադրիչներին հայտնաբերել ու հանրահավաքը արտոնել», - այս հարցին Ներսես Նազարյանը հակադարձեց. - «Այդ քանակի մարդկանց մեջ` 5 հազար, 6 հազար, 8 հազար մարդու մեջ սադրիչին դժվար է ի հայտ բերել: Իսկ ինչո՞ւ չխուսափենք, այլ փորձենք որեւէ մեկին պատժելու տարբերակով: Ավելի լավ է ձեռնարկենք համապատասխան միջոցներ, եւ իրենք համաձայնեն, արտոնենք` գնան անցկացնեն այն վայրերում, որտեղ անվտանգ է եւ հանգիստ կարող են արտահայտել իրենց միտքը, իրենց ուզածը»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախորդ հանրահավաքների ժամանակ նման սադրանքներ չեն եղել, ոստիկանության քաղաքային վարչության պետը շեշտեց. - «Ուրեմն` մի անգամ կարող է լինի: Մեզ արդեն հայտնի դեպքեր կան, որոնք մի օրում եղան, մի քանի ժամում: Պարտադիր չէ` մի անգամ չեղավ, երկու անգամ չեղավ, երրորդ անգամ կարող է լինի` շատ վատ ձեւի: Նամանավանդ` մի անգամ երթ արվեց, երթի ընթացքում` նորից ճանապարհային երթեւեկություն, նորից վեճեր վարորդների հետ, նորից պրոբլեմներ, որից մենք աշխատում ենք խուսափել»:


Ռուզաննա Ստեփանյան