Ալեքսանդր Արզումանյանի կալանքը երկարացնելու որոշումը մնաց անփոփոխ

Վերաքննիչ դատարանը այսօր անփոփոխ է թողել Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 3-ի որոշումը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, ով բողոքարկել էր ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կալանավորված է մարտի 10-ից` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ:


Կարինե Քալանթարյան