Հեքիաթասացների մրցույթ Թումանյանի թանգարանում

Հեքիաթասացների մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաեւ Ջավախքի եւ Արցախի բոլոր հեքիաթասացները՝ առանց տարիքային սահմանափակման. ուղղակի բոլոր նրանք, ովքեր լավ են հեքիաթ պատմում: Իրենց հեքիաթներով մրցույթին կարող են ներկայանալ նաեւ Հայաստանում բնակվող ազգային համայնքները:

Այն, որ «Երկնքից 3 խնձոր ընկավ» փառատոնի կազմակերպիչը Թումանյանի թանգարանն է, չի պարտադրում, որ հեքիաթասացները պետք է միայն Թումանյանի հեքիաթները ներկայացնեն: Նարինե Թուխիկյանը խորհուրդ է տալիս հեքիաթասացներին հնարավորինս էմոցիոնալ ու պատկերավոր պատմել հեքիաթը:

Հաղթողները ընտրվելու են հեռուստատեսային քվեարկությամբ: Այնուհետեւ կսկսվի մրցույթի մյուս մասը՝ արդեն ռեժիսորների մասնակցությամբ: «Ինչո՞ւ չանել հեքիաթ պատմելու հոլովակ: Դրա շնորհիվ հեքիաթը ավելի շատ մարդկանց սեփականությունը կդառնա», - ասաց Նարինե Թուխիկյանը:

Եզրափակիչը աշնանն է՝ Թումանյանի թանգարանի դիմաց՝ բացօթյա: Հաղթողները դրամական մրցանակ կստանան:


Կարլեն Ասլանյան