«Իշխանությունները նոր մարտահրավեր են նետում Եվրախորհրդին»

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման կենտրոնը երեկ հայտարարել է, թե իշխանություններն իրենց վերջին գործողություններով մարտահրավեր են նետում Եվրախորհրդին:

Հայտարարության մեջ ասված է, որ ձերբակալվել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամվել Գեւորգյանը, իսկ Տեր-Պետրոսյանի վստահված անձ Բագրատ Անդրեասյանին հրավիրել են դատախազություն եւ մեղադրանք ներկայացրել:

«Այս ձերբակալություններով նոր մարտահրավեր է նետվում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին, որը երկու շաբաթ հետո քննարկելու է 1609 բանաձեւի պահանջների կատարման արդյունքները։ Բանաձեւի առաջնահերթ` քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջը ոչ միայն չի կատարվում, այլեւ նույն՝ քաղաքական շարժառիթներով կատարվում են նոր ձերբակալություններ եւ հետապնդումներ», - ասված է հայտարարության մեջ։

Շարժման կենտրոնը նաեւ հայտարարել է, որ իշխանության այս գործողությունները խորացնում են «առանց այդ էլ լարված վիճակը երկրում եւ ավելի բարդացնում քաղաքական ճգնաժամի կարգավորման հեռանկարները»։