Հարավային Կովկասի իրավապաշտպանները Եվրախորհրդին են դիմել քաղբանտարկյալների հարցերով զեկուզող նշանակելու խնդրանքով

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իրավապաշտպանները դիմել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)՝ երեք երկրներում քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող նշանակելու խնդրանքով:

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «այս նախաձեռնությունը բխում է ԵԽԽՎ-֊ում դեռ 2001-ին ընդունված բանաձեւից, որում ամրագրված էր, որ Հարավկովկասյան երեք երկրներում քաղբանտարկյալների առկայության շուրջ զեկույց պետք է պատրաստվի»:

«Այս տարվա ապրիլին Կիեւում կայացած՝ World Movement for Democracy կոնգրեսի ժամանակ երեք երկրների վեց իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներով եկանք համաձայնության, որ պետք է հանդես գալ նման նախաձեռնությամբ: Արձագանքը ԵԽԽՎ-ից դեռ չենք ստացել», - ասել է Միքայել Դանիելյանը:

Հայաստանից դիմումը ստորագրել է նաեւ Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի ազգային կոմիտեի ղեկավար Անահիտ Բայանդուրը:

Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածների մի զգալի մասը քաղբանտարկյալներ են:

Վրաստանի եւ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչներն էլ համոզված են, որ իրենց երկրներում քաղբանտարկյալներ կան:


Ռուզան Խաչատրյան