Արմեն Հարությունյան. «Ես ընդամենը հարցեր եմ տալիս իմ զեկույցում»

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ իր արտահերթ զեկույցում, մասնավորապես` մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ, ընդամենը տվել է հարցեր, որոնց պատասխանները հետաքրքրում են հասարակությանը, եւ որոնց անպատասխան մնալը «խորացնելու է անհանդուրժողականության մթնոլորտը»:

«Ես ոչ մի պնդում եւ եզրահանգում չեմ արել իմ զեկույցում», - Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնությամբ կազմակերպված հասարակական լսումների ժամանակ ասաց Հարությունյանը: - «Ես հարցեր եմ տալիս. ասում եմ` լավ, հնարավո՞ր չէր այն լրագրողները, որ նկարահանում էին, թողնեիք նկարահանեին, մենք էլ կտեսնեինք ինչ է եղել, կհամոզվեինք, որ դա օրինական է եղել… Ինչո՞ւ եք ժապավենները վերցրել լրագրողներից»:

«Կամ այդ զենքերը, որ այդտեղ նկարահանում էին եւ ձեռքով վերցնում էին [ոստիկանները]», - շարունակեց օմբուդսմենը: - «Պաշտպանի գործը չի՞ դա, որ ասի` հարգելիներս, դուք որ դա ձեռքով վերցնում եք, հետո ո՞նց եք ապացուցելու, որ դա ցուցարարներինն է»:

«Ուղղակիորեն եթերով Հանրապետության նախագահը հայտարարեց, որ երեք հոգի մահացել են, որովհետեւ այն հատուկ միջոցները, որ կիրառվել են, հնացած են եղել», - հիշեցրեց Արմեն Հարությունյանը` հարցնելով. - «Մարդու իրավունքների պաշտպանը չկարողանա՞ իր զեկույցի մակարդակով հարցադրում անի` իսկ ո՞վ է մեղավոր եւ պատասխանատվություն կրում, որ այդքան հնացած հատուկ միջոցներ էիք օգտագործում, եւ երեք հոգի մարդ է մահացել… Ես կարծում, որ այդ հարցերի պատասխանը մինչեւ չտրվի… ասեկոսեները, բամբասանքը ավելի են խորացնելու անհանդուրժողականության մթնոլորտը հասարակությունում»:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ նաեւ այդ հարցերի պատասխանները ստանալու առումով խիստ կարեւոր է համարում անկախ հանձնաժողովի ստեղծումը, որը, վայելելով հասարակության վստահությունը, կկարողանա պարզել մարտի 1-ի իրադարձությունների պատճառները` դրանով իսկ թուլացնելով լարվածությունը. - «Այդ մարմինը այնպես պետք է ստեղծվի, որ քաղաքական ուժերը այդտեղ կարողանան պարիտետային մասնակցություն ունենալ, որտեղ պառլամենտական եւ հատկապես արտապառլամենտական ընդդիմությունը պատկառելի դերակատարություն ունենա»:

Արդեն ելույթից հետո, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հավատո՞ւմ է, որ կստանա իր բարձրացրած հարցերի պատասխանները, Հարությունյանը պատասխանեց. - «Ես համոզված եմ, որ այդ հարցերի պատասխանները ստանալու եմ: Ուրիշ տարբերակ չեմ տեսնում»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)