Ռուսաստանը երկաթուղային զորքեր է մտցրել Աբխազիա

Ռուսաստանը երկաթուղային զորքեր է մտցրել Աբխազիա, ինչը Վրաստանը գնահատել է որպես «թշնամական գործողություն»:

Կիրակի օրը Վրաստանի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. - «Վրաստանը բազմիցս զգուշացրել է միջազգային հանրությանը, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է միջազգային նորմերը: Դրանք շատ վտանգավոր բնույթ են կրում, մասնավորապես` Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ քայլեր են կատարվում: Կասկած չկա, որ Ռուսաստանը փորձում է զավթել Վրաստանի միջազգայնորեն ճանաչված անքակտելի հատվածը»:

«Մինչեւ հիմա Ռուսաստանն իր քայլերն արդարացնում էր խաղաղապահներ տեղակայելու` ԱՊՀ-ի որոշումներով, սակայն հիմա խաղաղապահների հետ ոչ մի կապ չունեցող զինված ուժեր են մտցրել Աբխազիա: Դա ուղղակի ագրեսիա է», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե երկաթուղային զորքեր է մտցնում Աբխազիա երկագծերը վերանորոգելու համար, դա հումանիտար գործողություն է, եւ երկաթուղային զորքերը Աբխազիա են մտել առան զենքի:

Սակայն Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե երկաթգիծը վերականգնելու համար զորքեր անհրաժեշտ չեն: Պաշտոնական Թբիլիսին կասկածում է, որ անհրաժեշտ ենթակառույցներ են ստեղծվում ռազմական ներխուժման համար: Նշվում է, որ ռուսական երկաթուղային զորքերը Աբխազիա մտցնելը չի համաձայնեցվել Վրաստանի կառավարության հետ:

«Թշնամական այդ գործողության հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ռուսաստանի վրա», - հայտարարել է Վրաստանը եւ միջազգային հանրությանը կոչ արել անհապաղ վճռական միջոցներ կիրառել` կանխելու համար «լայնածավալ ռազմական ագրեսիան ինքնիշխան պետության դեմ»:


Հրաչ Մելքումյան, Պրահա