Ազգային ժողովը կշարունակի քննարկել Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագիծը

Այսօր սկսվող քառօրյայում Ազգային ժողովը շարունակելու է քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագիծը, որը ապրիլի 7-ին ներկայացրել է խորհրդարանի հանրապետական նախագահ Տիգրան Թորոսյանը եւ որի քննարկումը նախորդ քառօրյայում չէր ավարտվել:

Նախագծում անհանգստություն արտահայտելով վերջին շրջանում խնդրին առնչվող զարգացումների վերաբերյալ, վտանգավոր համարելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ, հայատյաց քարոզչությունը, դատապարտելով ադրբեջանական բանակի կողմից հրադադարի խախտման գործողությունները, մասնավորապես` մարտի 4-ին, նկատի ունենալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ «շանտաժը», անսակարկելի եւ միջազգային իրավունքի տեսակետից անթերի համարելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ այդ սկզբունքի անվերապահ կիրառման անհրաժեշտությունը խնդրի կարգավորման ժամանակ, Հայաստանի Ազգային ժողովը երկրի նախագահին ու կառավարությանը առաջարկում է ակտիվացնել խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը տեղեկացնելուն ուղղված ջանքերը, Հայաստանի քաղաքականությանը այս հարցում հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ, ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանի կառավարությանը հնարավորություն կտան ապահովելու Լեռնային Ղարաբաղի լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը:


Ռուզան Խաչատրյան