ԵԽ-ի նախարարների կոմիտեում կներկայացվի Ագոյի խմբի զեկույցը Հայաստան այցելության արդյունքների մասին

Այսօր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում ներկայացվելու է Ագոյի խմբի զեկույցը Հայաստան կատարած այցելության արդյունքների մասին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի մամուլի ծառայությունից, քննարկումներից հետո զեկույցի հիման վրա կազմվելու է առաջարկների փաթեթ:

Եվրախորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը Հայաստան էր այցելել մարտի վերջին - ապրիլի սկզբին: Դեսպան Պեր Սյոգրենի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ էր ունեցել Հայաստանի ղեկավարների, ընդդիմության առաջնորդների հետ:

Ագոյի խումբը Հայաստանի իշխանություններին 6 առաջարկ էր արել` ազատ արձակել քաղաքական գործունեության համար ձերբակալվածներին, մարտի 1-ի իրադարձությունների անկախ ու անկողմնակալ հետաքննություն անցկացնել, վերանայել հանրահավաքների անցկացման մասին օրենքի վերջին փոփոխությունները, երկխոսություն սկսել բոլոր քաղաքական ուժերի միջեւ, թույլատրել տեսակցություններ կալանավորվածների հետ:

Հայաստանից բացի, Ագոյի խումբը մոնիտորինգ է անցկացրել Ադրբեջանում, որի մասով եւս զեկույց է ներկայացվելու այսօրվա նիստին: Ըստ APA գործակալության` դրանում մեծ տեղ է հատկացված ընտրական օրենսդրությանը, քաղբանտարկյալներին, մամուլի եւ խոսքի ազատության հետ կապված իրավիճակին:

Ադրբեջանական գործակալության վկայությամբ, Ագոյի խումբն իր զեկույցում անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով. - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից շարունակվում է հակամարտության կարգավորման գործընթացը, այս ուղղությամբ կան զգալի տեղաշարժեր դեպի առաջ: Դրանցից մեկը հանդիսանում է մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւը «Ադրբեջանի գրավյալ տարածքների իրավիճակի մասին»:

Հիշեցնելով, որ Եվրոպայի խորհուրդը լիազորված չէ միջամտել հակամարտության կարգավորման գործընթացին, մոնիտորինգի խումբը, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնում օգնելու խաղաղ կարգավորմանը հասնելու համար:


Հրաչ Մելքումյան, Պրահա

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Պեր Սյոգրեն)