Միխեիլ Սահակաշվիլի. «Մենք երբեք չենք հանդուրժի Վրաստանի լավագույն երկրամասերի անջատումը»

Երեկ երեկոյան վրացական հեռուստաընկերությունների եթերում երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշ մանրամասներ է հաղորդել Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսային բանակցությունների մասին` հայտարարելով, որ Վրաստանը երբեք չի հանդուրժի «լավագույն երկրամասերի անջատումը»:

«Նման հեռախոսազրույզ կազմակերպելու խնդրանքով մենք ռուսական կողմին դիմել էինք դեռ 5 օր առաջ: Այս խոսակցության ընթացքում ես միանշանակորեն պահանջեցի Ռուսաստանի Դաշնության ղեկավարից չեղյալ հայտարարել [Վրաստանին վերաբերող] անօրինական որոշումները, դադարեցնել մեր երկրի դեմ բոլոր տեսակի ագրեսիվ գործողությունները եւ մեկընդմիշտ վերջ տալ այն լարվածությանը, որ առկա է Վրաստանում, ինչպես նաեւ մեր երկրի շուրջ»:

Այս հայտարությանն ի պատասխանն Ռուսաստանի Դաշնության Պետդումայի առաջին փոխնախագահ Օլեգ Մորոզովը հայտարարեց. - «Այն գործողությունները, որ վերջին շրջանում իրականացնում է Վրաստանը ՀարավայիՆ Օսիայում եւ Աբխազիայում, ինչպես նաեւ Վրաստանի ցանկությունը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ`այս ամենը չի նպաստում վրաց-ռուսական հարաբերությունները բարելավմանը: Իսկ այն ռազմատենչ բառապաշարը, որ բնորոշ է վրացական ղեկավարությանը, բացարձակապես չի համապատասխանում այդ գործիչների քաշային կարգին»:

Վրաց-ռուսական հարաբերությունների լարվածության հերթական փուլի պատճառը դարձավ նախագահ Պուտինի` անցած շաբաթ կառավարությանն ուղղված հանձնարարությունը` սերտացնել հարաբերությունները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իշխանությունների հետ:

Բացի այդ, ապրիլի 20-ին հայտնի դարձավ վրացական օդուժին պատկանող «Հերմես 450» մակնիշի ավտոմատ կառավարվող (առանց օդաչուի) հետախուզական ինքնաթիռի վթարի մասին: Վրացական կողմը պնդում է, որ օդանավը ոչնչացրել են ռուսաստանյան հակաօդային պաշտպանության ուժերը: Սուխումում պնդում են, որ «Հերմես 450»-ի վնասազերծումը իրենց ձեռքի գործն է: Աճող լարվածության պայմաններում պաշտոնական Վաշինգտոնը մեկ անգամ էլ իր աջակցությունը հայտնեց Վրաստանի իշխանություններին:

Անցած գիշեր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին հայտարարել է. - «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության գաղափարին: Որեւէ պետություն չի կարող դիմել քայլերի, որոնք կարող են ոտնահարել այդ սկզբունքը: Այժմ մենք ռուսական կողմից որոշ բացատրություններ ենք ակնկալում ստեղծված կացության առթիվ: Բացի այդ` սերտորեն համագործակցում ենք Վրաստանի կառավարության հետ», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը` հույս հայտնելով, թե «վրաց-աբխազական հակամարտության գոտում նոր սադրանքներ չեն լինի, իսկ Ռուսաստանը եւ Վրաստանը կկարողանան վերականգնել բնականոն հարաբերությունները»:

Վաղն արդեն Աբխազիայում ստեղծված կացությունը կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Կազմակերպությունում հավատարմագրված վրաց դիվանագետները խոստանում են Անվտանգության Խորհրդի անդամներին փաստեր ներկայացնել, որոնք, իրենց խոսքով, վկայում են հետախուզական օդանավի հետ կապված միջադեպին ռուսական կողմի ներքաշված լինելու մասին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա