Մեկնարկել է «Ժողովրդական երգիչ - 2» նախագիծը

Մասնակիցներից մեկը «Մաքս Լիբերթի»-ին ասաց, որ ժյուրիի անդամները մի փոքր խիստ են` պահանջում են բարձր կատարողականություն, այնինչ մասնակիցների մեծ մասը երբեւէ բեմում չի եղել եւ, բնականաբար, ունի կաշկանդվածություն, ինքնուրույն չի կարող իր սխալները նկատել:

Նախագծի պրոդյուսեր եւ վարող Հակոբ Ռուբինյանն ի պատասխան մասնակիցների այս մտահոգությունների ասաց. - «Կարող եմ «Ժողովրդական երգիչ» առաջին նախագծի փորձից ասել, որ այդ երիտասարդներից գրեթե բոլորը նույնպես շատ քիչ, կամ ընդհանրապես բեմ դուրս չէին եկել: Նրանց հանդեպ էլ պահպանվում էր նույն խստությունը, այդ էր պատճառը, որ մենք ունեցանք լավ եւ պատրաստված թիմ: Այնպես որ՝ այս նախագծում խստությունը պահպանվելու է, չի բացառվում, որ ավելի խստանա»:

Ժյուրիի կազմում է նույն քառյակը. երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, դերասան Ազատ Գասպարյանը, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը եւ երգիչ Արսեն Գրիգորյանը:

Եթերաշրջանը կտեւի ապրիլի 27-ից մինչեւ մայիսի վերջը: Հաղորդումների ձեւով կհեռարձակվեն նախնական լսումների նկարահանումները, ինչպես նաեւ շաբաթական երկու անգամ կցուցադրվեն օրագրերը: Հետո մայիսի վերջին կամ հունիսի առաջին շաբաթվանից կսկսեն հեռարձակվել եզրափակիչ համերգային հաղորդումները: Իսկ արդեն մինչեւ օգոստոսի առաջին կեսը կամ վերջը կամփոփվի ծրագիրը:

Յուրաքանչյուր համերգի եթեր հեռարձակումից հետո 24 ժամվա ընթացքում հեռուստադիտողների sms քվեարկությունների արդյունքում ամենաքիչ ձայներ հավաքածները հրաժեշտ կտան նախագծին:


Նարինե Ղալեչյան