ՄՕԿ-ը կարող է քննարկել Օլիմպիական կրակով փոխանցումավազքերը դադարեցնելու հարցը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) կարող է քննարկել ապագա Օլիմպիական խաղերում Օլիմպիական կրակով փոխանցումավազքերը դադարեցնելու հարցը:

ՄՕԿ-ի գործադիր վարչության անդամ Քեւան Գոսփերը հարցի քննարկումը հնարավոր է համարել կազմակերպության` այս շաբաթ Պեկինում կայանալիք նիստի ժամանակ:

Պեկինում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի կրակի ճանապարհին պարբերաբար խոչընդոտներ են հարուցվում` ի նշան Տիբեթում Չինաստանի կողմից գործադրված բռնությունների դեմ բողոքի: Մասնավորապես, երեկ Փարիզում հարկ եղավ երկու անգամ մարել, ապա կրկին վառել Օլիմպիական կրակը: Կրակի ճանապարհին առավել մեծ խոչընդոտներ են ակնկալվում վաղը Սան Ֆրանցիսկոյում:

Չինաստանը դատապարտել է բողոքի նման գործողությունները` անվանելով դրանք «սաբոտաժ», եւ վստահեցրել է, որ շարունակելու է Օլիմպիական կրակով փոխանցումավազքը մինչեւ վերջ:

Օլիմպիական ջահը երկու տասնյակ երկրներով շրջելուց հետո կվերադառնա Պեկին, որտեղ օգոստոսին կտրվի Օլիմպիական խաղերի մեկնարկը: