Երեւանի հետ կապված օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցումը հետաձգվեց 90 օրով

Այսօր Հայաստանի Ազգային ժողովը որոշեց 90 օրով հետաձգել Երեւանում ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Որոշ քաղաքական ուժեր պնդում են, թե ընդունվելու դեպքում օրենքը լավ հնարավորություն կընձեռեր ընդդիմությանը՝ մասնակցելու ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նաեւ օրինական ձեւով հանրահավաքներ կազմակերպել քարոզարշավի ընթացքում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հերքեց այդ հարցադրումը:

«Հետաձգումը պայմանավորված է եղել այլ հանգամանքով: Նախատեսված ծրագրից մենք շեղվեցինք հայտնի իրադարձությունների հետ կապված: Մենք չենք կատարել երկու կարեւոր քննարկում, որոնք պետք է կատարեինք մինչեւ երկրորդ ընթերցումը: Առաջինը՝ դա Եվրախորհրդի մասնագետների հետ քննարկումն է, երկրորդը՝ հանրային լսումներն են: Ընտրեցինք գնալ այդ ճանապարհով՝ ավելի լավ նախապատրաստել, նոր միայն ներկայացնել օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար»:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)