Ջոն Դանիլովիչ. «Վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանի ֆինանսավորման վրա»

Վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանի ֆինանսավորման վրա, հայտնել է ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում, եւ այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա:

Դանիլովիչը նաեւ հայտնում է, որ կորպորացիան վերանայում է Հայաստանում իր աշխատանքի գործառնական տեսանկյունները այդ իրադարձությունների լույսի ներքո, ներառյալ լրատվամիջոցների ազատության սահմանափակումը եւ արտակարգ դրության հայտարարումը, եւ ուշի-ուշով հետեւում է իրադրությանը ԱՄՆ֊-ի կառավարության եւ դոնոր գործընկերների հետ միասին:

«Որպես Հայաստանի բարեկամ եւ երկարաժամկետ տնտեսական աճի, կայունության եւ ժողովրդավարության ջատագով՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան պարտավորություն ունի հաստատելու, որ մեր ծրագիրը գործում է ժողովրդավարական միջավայրում: Կորպորացիայի համաձայնագիրը Հայաստանի ժողովրդի հետ 235,6 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ հիմնված է երկրի քաղաքական ցուցանիշներով ձեւավորվող շարունակական ընթացիկ կատարողականի վրա»,֊ - փաստել է Ջոն Դանիլովիչը:

Անդրադառնալով Դանիլովիչի նամակին, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր չի բացառել, որ Հայաստանի ֆինանսավորումը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով կարող է կասեցվել:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի պայմանագիրը, որը մենք ստորագրել ենք, շատ հստակ դրույթներ ունի՝ տնտեսական ոլորտից մինչեւ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն: Եթե դրանցից մի քանիսում մենք կանաչից անցնենք կարմիրի, իհարկե, կարող է այդ օգնությունը կասեցվի, սառեցվի առնվազն: Դա ես չեմ բացառում: Կախված է նրանից, թե Միացյալ Նահանգները այս ամենը ինչպես է գնահատում»,֊ - ասել է Վարդան Օսկանյանը: