Վաղվանից կվերսկսեն տպագրությունը «Առավոտ», «168 ժամ», «Հայք» եւ «Հայկական ժամանակ» թերթերը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` այսօրվա հրամանագրով արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների որոշակի մեղմացումից հետո, կվերսկսեն տպագրությունը «Առավոտ», «168 ժամ», «Հայք» եւ «Հայկական ժամանակ» թերթերը:

«Մենք փորձելու ենք վաղը լույս տեսնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: - «Այսինքն` մենք տպելու ենք թերթ այնպես, ինչպես պատկերացնում ենք թերթը, այսինքն` երկկողմանի` ե’ւ իշխանության, ե’ւ ընդդիմության տեսակետը»:

«Ես չգիտեմ ինչ մեխանիզմով է վերահսկվելու. արդյո՞ք կագեբեշնիկը նստելու է տպարանում եւ նայելու է` որը սադրանք կամ ապակայունացում պարունակում է, որը` ոչ», - շարունակեց Աբրահամյանը: - «Եթե այնտեղ նստած մարդ լինի եւ նա ասի` այս բառը հանեք կամ այս տառը հանեք, մենք կհրաժարվենք: Բայց չփորձել տպել, հիմա, այս պայմաններում, ինձ թվում է ոչ պրոֆեսիոնալ կլինի»:

Խոսելով նախագահի հրամանագրի մասին` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը ասաց. - «Եթե դա անկեղծ է ասված, այսինքն` ապակայունացնող նյութեր չտպագրել, կոչեր եւ այլն, ապա ես երկու ձեռքով կողմ եմ ոչ միայն արտակարգ դրության պայմաններում, այլեւ` ընդհանրապես ապակայունացնող նյութեր չտպագրելուն: Նայած թե ինչ է իշխանությունը դրա տակ հասկանում: Եթե դրա տակ հասկանում է ընդդիմության կարծիքը, ապա նա սխալվում է»:

«Փոփոխությունները, կարծում եմ, ընդունելի են, եւ այս իրավիճակում պետք է հաշվի առնենք, որ լարված իրավիճակ է երկրում: Կարծում եմ, տեղին է, որ լրատվամիջոցներս պետք է զերծ մնանք կոչերից եւ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվությունից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը` հավելելով. - «Մենք, բնականաբար, որոշեցինք, որ շաբաթ օրը` մեր թերթի օրը լույս կտեսնենք: Հնարավորինս կփորձենք պահպանել այդ կանոնները, ինչը, կարծում եմ, նաեւ լրատվամիջոցների գործունեության հիմքում է ընկած` ակնհայտ սուտ տեղեկատվություն չտարածելը»: