Հարաշտի. «Անկախ մամուլի արգելափակումը հակասում է ԵԱՀԿ-ի չափանիշներին»

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին Հայաստանի իշխանություններին դիմել է անկախ մամուլի նկատմամբ սահմանված արգելքները վերացնելու կոչով:

«Արտակարգ դրությունը չպետք է կառավարության կողմից կիրառվի որպես այլընտրանքային աղբյուրներից տեղեկություն ստանալու հասարակության իրավունքը սահմանափակելու միջոց: Բազմակարծութունը ապահովող տեղեկատվությունը ապահովում է իշխանությունների գործողությունների թափանցիկությունը նույնիսկ ամենածայրահեղ ժամանակաշրջանում», - ասել է Միլկոշ Հարաշտին:

ԵԱՀԿ-ի տարածած մամլո հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 1-ին նախագահ Ռոգերտ Քոչարյանի ստորագրած արտակարգ դրության հրամանագրով պետական քաղաքականությանը վերաբերող հաղորդագրություններում մամուլը պարտավորվում է օգտագործել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկությունները: Դրա արդյունքում հասարակությանը ներկայացնում են իրադարձությունների գնահատման միայն մեկ տեսակետը:

Անկախ մի շարք օրաթերթեր եւ ընդդիմադիր կայքէջեր արգելափակված են, արտասահմանյան հեռուստա- եւ ռադիոհեռարձակումը սահմանափակված է: Ի նշան բողոքի` հայկական մի շարք հեղինակավոր օրաթերթեր չեն հրատարակվել: