Մամուլի տեսություն

«Իրավունք»-ի մեկնաբանը, դիտարկելով հետընտրական գործընթացները, պատկերել է. - «Նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո ներքաղաքական զարգացումները մտել են մի փուլ, երբ իշխանություն - ընդդիմություն հակադրությունն ընթանում է դրանց արդյունքների վերանայման ուղղությամբ»։ «Միաժամանակ, բազմամարդ հանրահավաքներն Ազատության հրապարակում վկայությունն են այն բանի, որ ընդդիմության մի թեւը, տվյալ դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը, մշակված մարտավարությամբ աշխատում են ցույց տալ իշխանություններին, որ մտադիր չեն իրենց պահանջները զիջելու», - գրել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Կողմերի միջեւ պայքարի այս փուլի հիմնական բնութագրականն այն է, թե ով ավելի համառ, հաշվարկված, երկարաժամկետ եւ մյուս կողմի նյարդերն ու համբերությունը մաշող պայքարի ընդունակ կլինի»։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի փոխանցմամբ` «միջազգային հանրությունը փետրվարի 19-ի ընտրություններին տված միանշանակորեն դրական գնահատականներով ե՛ւ իր, ե՛ւ մեզ համար փակել է Հայաստանի նախագահի անձը հստակեցնելու հարցը»։ «Գնացքն արդեն գնացել է, ու այլեւս ոչ ոք չի կարող հասնել նրա հետեւից, այնպես որ իզուր են ոմանք կարծում, թե նման եղանակներով կարելի է հետ շրջել պատմության անիվը», - պնդել է մեկնաբանն ու բխեցրել. - «Ավարտված ընտրությունների արդյունքները վիճարկելու ցանկացած փորձ այսուհետ ոչ միայն անարդյունավետ, այլեւ վնասակար է լինելու մեր երկրի ու ժողովրդի համար։ Այն կարող է բացասական ազդեցություն գործել ոչ միայն ներքաղաքական կացության վրա, այլեւ մեծապես վնասել Հայաստանի վարկին ու հեղինակությանը»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, փորձելով բացատրել երիտասարդության մի մասի «ընդդիմադիր կեցվածքը», որակել է.- «Երիտասարդները ավելի սթափ են եւ պրագմատիկ, քան մեր սերունդը: Հետեւաբար, անցյալը, պատմությունը նրանք գնահատում են ոչ թե այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, այլ՝ որպես իրենցից եւ մեզանից անկախ գոյություն ունեցող «օբյեկտ»՝ իր լուսավոր եւ ստվերոտ կողմերով»: «Մեր փորձերը՝ նրանց գլուխն անցյալի մասին մեզ ձեռնտու ինչ-որ «ճշմարտություններով» լցնել՝ անիմաստ են: Այսօր նրանք աշխարհի զարգացման վերաբերյալ անհամեմատ ավելի լայն հնարավորություններ ունեն տեղեկանալու, քան մենք 1980-ականներին: Եվ նրանք ցանկանում են, որ մեր երկիրը զարգանա աշխարհին համաքայլ՝ դրանով է բացատրվում նրանց ընդդիմադիր կեցվածքը», - եզրափակել է խմբագրականը։

«Հայաստանի Հանրապետություն»-ը իր խմբագրականում գրում է. - «Մեր քաղաքական դաշտում այդպես էլ չեն կարողանում սովորել արժանապատիվ ընդունել պարտությունը, եթե նույնիսկ այդ պարտությունը ձեռնտու է ժողովրդին։ Ավելի ճիշտ՝ չեն կարողանում համակերպվել պարտված լինելու մտքի հետ»։ «Հերթական ընտրությունից հետո ժողովուրդն ականատեսն է պարտվողի հոգեբանությամբ պայքարի ելած, բայց իրեն հաղթողի դերում պատկերացնող քաղաքական գործչի այնպիսի գործողությունների, որոնք Մատենադարանում պահվող հայկական հին ձեռագրերում էլ չեն ընդունվում», - գրել է խմբագիրն ու հորդորել. - «Այսօր մարդկանց պետք է հուսադրել, ոչ թե հուսալքել, համախմբել, ոչ թե պառակտել, դարձնել ավելի գիտակից, ոչ թե վերածել անգիտակից ամբոխի»։

«Տարվա շոու» անվանակարգի հավակնող՝ նախագահի ընտրություններն ավարտվեցին, իսկ շոուի մասնակիցները սկսեցին բացահայտել իրենց իրական դեմքերը», - գրել է այսօր «Հայք»-ը՝ հավելելով. - «Եթե իրենց ընդդիմադիր համարող որոշ թեկնածուներ հետընտրական այս օրերին իրենց «համեստ» են պահում, ապա մյուսները վայրկյան իսկ չկորցրին վերջ տալու մեկ ամիս տեւած օյինբազություններին»։


Ատոմ Մարգարյան