Դիտեր Բոդեն. «Վրաստանում ընտրակեղծիքներ եղել են»

Վրաստանի նախագահական ընտրություններին հետեւող ԵԱՀԿ-֊ի դիտորդական առաքելության ղեկավար Դիտեր Բոդենը այսօր հաստատել է, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ են եղել:

«Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթին տված հարցազրույցում գերմանացի դիվանագետը փաստել է, թե ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ «քվեների հաշվման ընթացքում տեղի են ունեցել կոպիտ եւ միտումնավոր կեղծիքներ»:

Նրա խոսքերով՝ երբ ԵԱՀԿ֊-ի դիտորդական առաքելությունը ընտրությունների հաջորդ օրը հիմնականում դրական գնահատական տվեց դրանց, «այդ էական խախտումները դեռ չէին բացահայտված»:

Բոդենը կոչ է արել ընդդիմությանը կեղծիքների վերաբերյալ բոլոր փաստերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանզի միայն այդ մարմինն է իրավասու վերանայել ընտրությունների արդյունքները:

90-֊ականների կեսերին Դիտեր Բոդենը ղեկավարել է ԵԱՀԿ-֊ի առաքելությունը Վրաստանում եւ քաջ ծանոթ է այդ երկրին: Վերջին տարիներին նա աշխատում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի միջազգային դիտորդական առաքելությունում: