Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերջնաժամկետն ավարտվեց

Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերջնաժամկետն այսօր ավարտվում է: Իր առաքելության ավարտին Եվրամիությունը, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ներկայացնող միջնորդ եռյակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին է փոխանցել Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ 120 օր տեւած բանակցությունների արդյունքների, ավելի ստույգ` անարդյունք բանակցությունների վերաբերյալ զեկույցը:

«Չնայած տարաձայնությունները կողմերի միջեւ մնացել են անփոփոխ, այնուամենայնիվ, եռյակին հաջողվել է տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ հավաստիացումներ ստանալ երկու կողմից էլ», - ասված է փաստաթղթում: - «Մասնավորապես, երկու կողմն էլ խոստացել են խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կոսովոյում կամ այլ շրջաններում, խուսափել բռնություններից եւ սպառնալիքներից»:

«Ժամանակն է, որ Եվրամիությունն իր վրա վերցնի երկրամասի ապագայի համար պատասխանատվությունը», - գտնում են միջնորդները:

Ռուսաստանը եւ Սերբիան, անընդունելի համարելով բանակցությունների անարդյունք ավարտը, հանդես են գալիս բանակցությունների նոր փուլ սկսելու առաջարկով. ռուսական կողմը մտադիր է իր այս առաջարկը եւս այսօր ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան BBC-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, թե բանակցությունների շարունակումը լուրջ ճգնաժամից խուսափելու միակ ուղին է:

Մինչդեռ, BBC-ի տվյալներով, Կոսովոյի ղեկավարությունը հրաժարվում է հետագա բանակցություններից եւ մտադիր է հենց այս ամիս միակողմանիորեն անկախություն հռչակել, եթե ստանա Եվրամիության եւ Միացյալ Նահանգների դրական պատասխանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը, սակայն, երեկ զգուշացրել է Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակման հնարավոր վտանգների մասին. - «Այդպիսի սցենարի իրագործումը կնպաստի ազգամիջյան հակամարտությունների սրմանը եւ բռնություններին: Կոսովոյի շուրջ իրադարձությունների ֆոնին արդեն այսօր զգալիորեն սրվում է իրավիճակը տարածաշրջանի այլ երկրներում` Մակեդոնիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում»:

«Կոսովոյի դեպքը բոլորովին էլ առանձնահատուկ չէ: Միակողմանի լուծումը անխուսափելիորեն նախադեպ կդառնա մյուսների համար», - հայտարարել է Լավրովը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա