Արամ Կարապետյան. «Ես անկասկած մասնակցելու եմ նախագահական ընտրություններին»

Ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հրաժարվել է տրամադրել վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը: Կարապետյանը, այդուհանդերձ, վստահ է, որ մասնակցելու ու հաղթելու է ընտրություններում:

«ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը պատրաստվում է ՀՀ Ոստիկանության հակաօրինական գործելակերպը վիճարկել դատարանում եւ ԿԸՀ-ին ներկայացնել համապատասխան բոլոր փաստաթղթերը` որպես ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու եւ առաջիկա ընտրություններին մասնակցելու հաստատակամությամբ», - ասված է հաղորդագրությունում:

«Ես անկասկած մասնակցելու եմ նախագահական ընտրություններին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Կարապետյանը: - «Թող ներեն իմ ինքնավստահությունը` ես հաղթելու եմ այս ընտրություններում... Ես կարծում եմ, որ քաղաքական պատվեր է կատարել վիզաների վարչությունը»:

«Երբ հարցրի, որ իմ անձնագրում հիմա կնիք է դրված, որ 1992 թվականից ես մշտապես բնակվում եմ Հայաստանում, ինձ պատասխանեցին, որ դա այդպես է, բայց «մենք այդ տեղեկանքը տրամադրել չենք կարող»: Հարցրեցի` ինչի՞ հիման վրա, ասացին` պարոն Կարապետյան, տեղեկանքը չենք տրամադրում», - շարունակեց «Նոր ժամանակներ»-ի առաջնորդը` եզրափակելով. - «Ես ամբողջ փաստաթղթերով դիմելու եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչեւ դեկտեմբերի 6-ը: Համապատասխանաբար դիմելու եմ դատարան` պարզելու համար, թե ինչ է անում վիզաների վարչությունը»:


Ռուզաննա Ստեփանյան