«Դաշինք»-ը որոշեց միավորվել ՀՌԱԿ-ի հետ

Շաբաթավերջին կայացած «Դաշինք» կուսակցության 2-րդ համագումարը որոշեց միավորվել Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) հետ:

Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը ստեղծվել էր երկու տարի առաջ ու ունի 20 հազար անդամ:

Ակնկալվում է, որ դեկտեմբերի 5-ին նույնպիսի որոշում կկայացնի նաեւ Ալբերտ Բազեյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, եւ հունվարի սկզբին երեք կուսակցությունները կկոչվեն Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն:

Միասին նրանք կունենան մոտ 31 հազար անդամ (ՀՌԱԿ-ը ունի 9 հազար, իսկ «Ազգային վերածնունդ»-ը` 2 հազար անդամ):

Համագումարի իր ելույթում Սամվել Բաբայանը ասաց, թե միավորումը «կապված չէ առաջիկա նախագահական ընտրությունների հետ»:

«Եթե մենք ցանկանում ենք, որ ազգային ազատական ուժերը իրենց դերակատարությունը ունենան Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության քաղաքական կյանքում, ապա մի կողմ պետք է դնեն իրենց հավակնությունները եւ սկսեն միավորման գործընթաց», - ասաց Բաբայանը:

Միավորված ՀՌԱԿ-ը, Բաբայանի խոսքերով, համագործակցելու է բոլոր ուժերի հետ` ելնելով իրենց «ծրագրի դրույթներից եւ ազգի ապագայից»:


Աստղիկ Բեդեւյան