Վրաստանից մեկնել է ռուսաստանյան 12-րդ ռազմակայանի տեխնիկայով եւ գույքով բեռնված վերջին շարժակազմը

Այսօր վաղ առավոտյան Վրաստանից Ռուսաստան է ուղեւորվել Բաթումիում տեղակայված ռուսաստանյան 12-րդ ռազմակայանի տեխնիկայով եւ գույքով բեռնված վերջին երկաթուղային շարժակազմը:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի օգնական Իգոր Կոնաշենկովը, շարժակազմով Ռուսաստան է փոխադրվում 12 միավոր տարբեր տիպի ավտոմոբիլային տեխնիկա եւ ռազմայականի նյութատեխնիկական գույքը` շուրջ 55 տոննա ընդհանուր քաշով:

Նախօրեին Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսեյ Մասլովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Վրաստանից ռուսաստանյան վերջին ռազմակայանի դուրսբերումը ավարտվելու է ժամկետից շուտ` մինչեւ այս տարեվերջ, թեեւ նախապես ծրագրված էր դա անել 2008 թվականի ընթացքում:

«Քանի որ 12-րդ ռազմակայանի ռազմական տեխնիկան, սպառազինությունը եւ նյութատեխնիկական գույքի պաշարները գործնականում ամբողջությամբ դուրս են բերվել Ռուսաստան եւ Գյումրիի 102-րդ ռազմակայան, նախատեսվում է մինչեւ 2007 թվականի վերջը սկսել 12-րդ ռազմակայանի ենթակառուցվածքի փոխանցումը վրացական կողմին», - ասել է Մասլովը:

2007 թվականի ընթացքում Վրաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայաններից Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա եւ մոտ 2 հազար տոննա նյութատեխնիկական գույք: Բացի այդ, Վրաստանից ռազմական բեռով 4 շարժակազմ է ուղարկվել Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան: