Իրանի խորհրդարանի նախագահը կայցելի Բաքու

Իրանի խորհրդարանի նախագահ Գոլյամալի Հադադ Ադելը նոյեմբերի 8-9-ը պաշտոնական այց է կատարելու Ադրբեջան:

Ինչպես տեղեկացրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Աբասալի Հասանովը, Ադրբեջանի խորհրդարանի` Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հրավերով կատարվելիք այցի օրակարգում են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը:

Իրանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի հետ:

Քննարկվելու են երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարները, քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական ոլորտներում համագործակցության հարցեր, շոշափվելու են նաեւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ: