Կոնդոլիզա Ռայսը խոսել է թիվ 106 բանաձեւի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իր թուրք պաշտոնակից Ալի Բաբաջանի հետ զրույցում, ի շարս այլ հարցերի, անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին գործերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի թեմային:

«Մենք շարունակելու ենք պայքարել այդ բանաձեւի դեմ», - ասել է Ռայսը եւ հավելել. - «Մենք Թուրքիային եւ Հայաստանին հորդորում ենք միասին աշխատել պատմական խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Միաժամանակ մենք կողմերին կոչ ենք անում մտածել նաեւ իրենց ապագայի մասին, որովհետեւ երկու երկրները կբարգավաճեն այն դեպքում, եթե հարաբերություններ հաստատեն»:

Թիվ 106 բանաձեւը 27 կողմ 21 դեմ քվեների հարաբերակցությամբ հոկտեմբերի 10-ին ընդունվել է Կոնգրեսի հանձնաժողովում, սակայն լիագումար նիստի դեռ չի դրվել: Թուրքիայի հնչեցրած սպառնալիքների եւ ԱՄՆ-ի գործադիր իշխանության բանեցրած ճնշումների արդյունքում բանաձեւի աջակիցները Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին խնդրել են միառժամանակ հետաձգել օրինագծի քվեարակությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Անկարայից կմեկնի Ստամբուլ, որտեղ գումարվում է Իրաքի խնդրով միջազգային տարածաշրրջանային խորհրդաժողով:


Արմեն Քոլոյան, Պրահա