Ադրբեջանցի խմբագիրը դատապարտվեց 8,5 տարվա ազատազրկման

«Ռեալնիյ Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւն այսօր դատապարտվեց 8,5 տարվա ազատազրկման՝ ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք հարուցելու, ահաբեկչության սպառնալիքի եւ հարկերից խուսափելու համար:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ դատարանը նաեւ պարտավորեցրել է Ֆաթուլաեւին փոխհատուցել հարկերը 240 հազար դոլարի չափով: Բացի այդ, լրագրողը պետք է 35 հազար դոլար փոխանցի ազգային անվտանգության նախարարությանը՝ քննության ընթացքում կատարած փորձաքննությունների համար:

Դատարանի որոշմամբ՝ առգրավվել են թերթին պատկանող 23 համակարգիչները:

Ֆաթուլաեւը հայտնի է որպես քննադատական նյութերի հեղինակ: Այս տարի նա արդեն մեկ անգամ դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ զրպարտության համար:

Այժմ Ադրբեջանում, բացի Ֆաթուլաեւից, տարբեր հոդվածներով ազատազրկված է եւս 7 լրագրող: